«Մա՛մ ջան…»․ հերոս Բարսեղ Պողոսյանի հիշատակը, որ ապրում է մայրական սրտում
50-ամյա Մարինե Եգանյանը ամեն անգամ հուզվում է, երբ հիշում է որդու ձայնը։ Այդ ձայնը դեռ ապրում է նրա հիշողության մեջ՝ նույն ջերմությամբ, նույն քնքշությամբ, ինչպես տարիներ առաջ։
«Ինքը միշտ ինձ դիմում էր՝ «մա՛մ ջան, մա՛յր իմ, սուրբ ու բարի»։ Առանց «ջան»-ի չէր խոսում»,– հուզված պատմում է մայրը՝ փորձելով զսպել արցունքները։
Այդ սիրով լի խոսքերը այսօր դարձել են Մարինեի ամենաթանկ հիշողությունը։ Նա դրանք կրկին ու կրկին հիշում է, կարծես որդին հենց հիմա է իր կողքին։
Հերոսը, որ ընդամենը 19 տարեկան էր
Մարինեն պատերազմում կորցրել է իր որդուն՝ 19-ամյա Բարսեղ Պողոսյանին։
Բարսեղը ժամկետային զինծառայող էր և ծառայում էր Ջրականում, երբ սկսվեց պատերազմը։ Սեպտեմբերի 25-ից նա արդեն դիրքերում էր՝ իր ընկերների կողքին, պաշտպանելով հայրենի հողը։
Մայրը հիշում է որդու հետ իրենց վերջին խոսակցությունը։ Այն եղել է պատերազմից ընդամենը մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 26-ին։
«Ասեց՝ «Ամեն ինչ լավ ա, նորմալ ա»»,- հիշում է Մարինեն։
Դրանք նրա վերջին խոսքերն էին, որոնք մայրը լսեց որդուց։ Այդ օրվանից հետո ծնողները այլևս չկարողացան կապ հաստատել նրա հետ։
Դաժան լուրը
Պատերազմի ավարտից մոտ մեկ ամիս անց Մարինեն պատահաբար է տեղեկացել որդու մասին ողբերգական լուրին։
«Դեկտեմբերի 11-ին Ֆեյսբուքը թերթում էի։ Ջաբրայիլի երեխեքի մասին նորություն էի ման գալիս։ Հանկարծ տեսա մի ցուցակ՝ մի քանի անուններով։ Ու դրանց մեջ իմ Բարսեղի անունն էր…»
Մայրը պատմում է, որ այդ հրապարակման մեջ գրված էր՝ եթե զինվորներից որևէ մեկին ճանաչում են, թող արձագանքեն։
«Զանգեցինք… հետո ասեցին, որ երեխեքի մարմինները բերում են Երևան»,– հուզմունքով հիշում է նա։
Պատերազմի առաջին օրը
Բարսեղի զինակից ընկերները հետագայում պատմել են նրա հերոսական վերջին րոպեների մասին։
Պարզվել է, որ Բարսեղը զոհվել է պատերազմի հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին։
«Առաջին օրը վիրավորվել էր ոտքից։ Ընկերները փորձել էին օգնություն ցույց տալ։ Բայց հենց այդ պահին արկ էր ընկել… երեքն էլ զոհվել էին»,– ցավով պատմում է մայրը։
Փետրվարին ԴՆԹ փորձաքննությամբ վերջնականապես հաստատվել է Բարսեղի ինքնությունը։ Այդ պահից հետո Պողոսյանների ընտանիքի կյանքը ամբողջությամբ փոխվել է։
«Մենք հիմա պարզապես գոյատևում ենք»,– ասում է որդեկորույս մայրը՝ հազիվ զսպելով հուզմունքը։
Սիրելի որդի, սիրելի եղբայր
Բարսեղը ընտանիքի կրտսեր զավակն էր՝ երեք քույրերի սիրելի եղբայրը։
Մայրը պատմում է, որ որդին առանձնանում էր իր հանգիստ բնավորությամբ, համբերատարությամբ և մարդկանց օգնելու պատրաստակամությամբ։
«Եթե մեկին խոստանում էր ինչ-որ բան, նույնիսկ եթե իր ուժերից վեր էր, ամեն ինչ անում էր, որ հասցներ։ Մեծից փոքր բոլորը սիրում էին իրեն»,– ասում է մայրը։
Բարսեղը մեծ երազանք ուներ։ Նա ցանկանում էր դառնալ զինվորական և նույնիսկ ընդունվել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան։
Սակայն մայրը դեմ էր այդ որոշմանը։
«Իմ եղբայրն էլ էր զոհվել Ղարաբաղյան պատերազմի ժամանակ։ Ես միշտ վախենում էի… դրա համար չէի ուզում, որ զինվորական դառնա»,– ասում է Մարինեն։
Բարսեղը որոշել էր բանակից հետո աշխատել Արտակարգ իրավիճակների նախարարությունում և դառնալ փրկարար։ Նա ուզում էր մարդկանց կյանքեր փրկել։
Սակայն այդ երազանքը մնաց կիսատ…
Կարոտ, որ երբեք չի մարում
Այսօր ընտանիքը ապրում է որդու հիշողություններով։ Նրանք հաճախ են հիշում նրա խոսքերը, նայում նրա լուսանկարներին և կարծես շարունակում են խոսել նրա հետ։
«Որդուս նկարները այնտեղ ենք փակցրել, որտեղ նստում ենք, որ միշտ մեր կողքին լինի, մեր ամեն ինչին ներկա լինի։ Ամենուր իր շունչն է… շատ ենք կարոտել»,– ասում է մայրը և այլևս չի կարողանում զսպել արցունքները։

Հերոսի անունը չի մոռացվի
Բարսեղ Պողոսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» և «Մարտական ծառայության համար» մեդալներով։
Նա ընդամենը 19 տարեկան էր, բայց արդեն հասցրել էր դառնալ հայրենիքի իսկական պաշտպան։ Նրա անունը, նրա սխրանքը և նրա հիշատակը ապրում են ընտանիքի, ընկերների և ողջ ժողովրդի հիշողության մեջ։
Հերոսները չեն մահանում․ նրանք դառնում են հիշողություն, ուժ և հավերժություն։
Արփինե Արզումանյան