Ռեժիսոր Փիթեր Ջեքսոն-ը և հայտնի կատակերգու Սթիվեն Քոլբերտ-ը, կարծես, պատրաստվում են նոր շունչ հաղորդել ֆանտաստիկ կինոյի ամենասիրված աշխարհներից մեկին։ Նրանք հայտարարել են, որ աշխատում են «Մատանիների տիրակալը» նոր ֆիլմի սցենարի վրա՝ բացելով դռները դեպի մի պատմություն, որը մինչ այժմ մնացել էր ստվերում։
Նրանց համատեղ տեսաուղերձը, որը հրապարակվել է Warner Bros.-ի կողմից X հարթակում, անմիջապես առաջացրեց մեծ հետաքրքրություն երկրպագուների շրջանում։ Եվ դա պատահական չէ․ խոսքը գնում է ոչ միայն հերթական նախագծի, այլ հնարավոր վերադառնալու դեպի այն հատվածները, որոնք երբեք չեն հայտնվել մեծ էկրանին։
Քոլբերտը, որը վաղուց հայտնի է իր անկեղծ սիրով դեպի Տոլքինի աշխարհը, տեսանյութում դիմում է Ջեքսոնին գրեթե երկրպագուի ոգևորությամբ. նա խոստովանում է, որ կրկին ու կրկին վերադառնում է «Մատանիների տիրակալը. Մատանու եղբայրությունը» գրքի սկզբնական վեց գլուխներին՝ հենց այն հատվածներին, որոնք ժամանակին դուրս մնացին կինոադապտացիայից։
«Արդյո՞ք հնարավոր է ստեղծել մի պատմություն, որը լիովին հավատարիմ կլինի գրքերին և միաժամանակ ներդաշնակորեն կտեղավորվի ձեր արդեն ստեղծած կինեմատոգրաֆիական աշխարհի մեջ», — հարցնում է նա՝ բարձրաձայնելով այն, ինչ տարիներ շարունակ ցանկացել են լսել միլիոնավոր երկրպագուներ։
Նախագիծը, որը նախնական անվանումով ներկայացվում է որպես «Մատանիների տիրակալը. Անցյալի ստվերը», խոստանում է բացահայտել դեռևս չպատմված դրվագներ և խորացնել արդեն ծանոթ պատմության շերտերը։
Հատկանշական է, որ այս ֆիլմը նախատեսվում է թողարկել այն բանից հետո, երբ էկրան կբարձրանա «Մատանիների տիրակալը. Գոլումի որսը» նախագիծը, որի վրա ներկայումս աշխատում է Էնդի Սերկիս-ը։ Հիշեցնենք, որ հենց նա էր մարմնավորում խորհրդավոր և ողբերգական Գոլումի կերպարը բնօրինակ եռապատման մեջ՝ դարձնելով այն կինոյի ամենահիշվող կերպարներից մեկը։
Ըստ The Hollywood Reporter-ի՝ նոր ֆիլմը կարող է դառնալ ոչ թե պարզապես շարունակություն, այլ մի յուրահատուկ կամուրջ՝ կապող անցյալը, գրական սկզբնաղբյուրը և ժամանակակից կինեմատոգրաֆիան։
Եվ եթե այս նախագիծը իսկապես կյանքի կոչվի, ապա «Մատանիների տիրակալը» աշխարհը կրկին կբացվի հանդիսատեսի առաջ՝ այս անգամ ավելի խորությամբ, ավելի մութ երանգներով և, հնարավոր է, ավելի հուզիչ պատմություններով։