Ճանաչենք մեր հերոսներին. Հայր եւ որդի զոհվել են նույն օրը, նույն տեղում․ «Ես ամեն օր նույն հարցն եմ տալիս՝ ինչի՞ սենց եղավ»

Հյուրասենյակում ծանր, մետաղական լռություն է կախված։ Բաց պատուհաններից ներս են խուժում մեքենաների ազդանշանների ձայները, բայց նույնիսկ քաղաքի աղմուկը չի կարողանում կոտրել այս տան ներսում նստած ցավը։ Մենք լռում ենք։ Այստեղ բառերը հաճախ անզոր են դառնում։

Պատին կախված են հայր ու որդի Սաղաթելյանների լուսանկարները։ Երկու տղամարդ։ Երկու ճակատագիր։ Միևնույն օրը, նույն հողում, նույն պայթյունի տակ նրանք դարձան հայրենիքի անմահ զինվորներ։

Նոր Նորքի այս բնակարանում հիմա ապրում են երկուսով՝ հարսն ու սկեսուրը՝ Վեներա Սաղաթելյանն ու Նեռա Գրիգորյանը։ Վեներան կորցրել է ամուսնուն ու որդուն։ Նեռան՝ որդուն ու թոռանը։ Այս ընտանիքում ցավը պարզապես զգացում չէ․ այն դեմք ունի, ձայն ունի, հիշողություն ունի։

Պատերազմից առաջ նրանց կյանքը լի էր սովորական, խաղաղ երջանկությամբ։ Գեւորգ Սաղաթելյանը ընտանիքի կրտսեր երեխան էր։ Երկու աղջիկներից տասը տարի անց ծնված որդին տան սպասված հրաշքն էր։

«Մենք երկար, շատ երկար ենք սպասել Գեւորգին»,- կամաց ասում է մայրը։

Աշոտ Սաղաթելյանը երազում էր որդի ունենալ։ Բժիշկների զգուշացումներին հակառակ՝ Վեներան ամուսնուն որդի պարգեւեց։ Այդ տղան հետագայում պիտի դառնար նրանց տան հպարտությունը, ընտանիքի ուժն ու հայրենիքի զինվորը։

Գեւորգը ծնվել էր Ռուսաստանում։ Երբ դեռ երկու տարեկան էր, ընտանիքը վերադարձել էր Հայաստան։ Չնայած ռուսական քաղաքացիություն ուներ և կարող էր չծառայել բանակում, նրա համար նման ընտրություն պարզապես գոյություն չուներ։

«Ասում էին՝ Գեւորգ, ինչի՞ ես ուզում ծառայել։ Ասում էր՝ ինչի՞, ես իմ հայրենիքի համար եմ ծառայում»,- պատմում է մայրը։

Նա այն տղաներից էր, որոնց համար հայրենիքը պարզապես բառ չէր։ Երբ լսում էր, որ ինչ-որ մեկն առողջական խնդիրների պատճառով ազատվել է բանակից, զարմանում էր։

«Ասում էր՝ ինչի՞ են ուրախանում, որ իրենց էրեխեքը հիվանդ են։ Ավելի լավ չի՞ գնան ծառայեն, թեկուզ զոհվեն հայրենիքի համար…»

Այսօր այդ խոսքերը դարձել են մոր սրտում հավերժ մնացած վերք։

Գեւորգը ավարտել էր Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջը և ընդունվել ԵՊՀ։ Սիրում էր մաթեմատիկան, ֆուտբոլը, կյանքը։ Նա այն երիտասարդներից էր, որոնց մեջ համատեղված էին խելքն ու լույսը։

Տատը՝ Նեռա Գրիգորյանը, երկար տարիներ մաթեմատիկայի ուսուցչուհի էր եղել։ Գեւորգի համար նա պարզապես տատ չէր՝ թալիսման էր։ Երբ պարապում էր ուրիշ ուսուցչի մոտ, հաճախ խնդրում էր, որ տատը պարզապես կողքին նստի։

«Ասում էր՝ եթե տատը կողքիս լինի, ամենադժվար խնդիրներն էլ հեշտ են դառնում…»

Այսօր այդ հիշողություններն են միայն մնացել։

Բանակ մեկնելուց առաջ Գեւորգը մորը խնդրել էր պահպանել իր բոլոր տետրերը։

«Պետք կգան հետո»,- ասել էր։

Տիկին Վեներան հիմա դրանք զգուշությամբ դնում է սեղանին։ Այդ տետրերն այլևս սովորական թղթեր չեն։ Դրանք մասունքներ են դարձել։

Երբ ԵՊՀ ընդունվածների ցուցակները հրապարակվել էին, Գեւորգն արդեն բանակում էր։ Զորակոչվել էր 2020 թվականի հուլիսի 17-ին։

Ծնողները նույնիսկ առաջին կիսամյակի ուսման վարձն էին վճարել՝ մտածելով, որ որդին բանակից վերադառնալուց հետո կշարունակի ուսումը։

«Հետո թղթերը հետ վերցնելիս նույն ցավն ապրեցինք… շատ դժվար էր…»,- ասում է մայրը։

Սկզբում Գեւորգը ծառայում էր Կապանում, հետո՝ Որոտանի զորամասում։ Պատերազմի առաջին օրերին նրանց տեղափոխել էին Ջրական։

Բայց ընտանիքին նա ոչինչ չէր ասում։ Ամեն օր զանգում էր՝ թեկուզ մեկ րոպեով, միայն թե ծնողները հանգիստ լինեն։

«Ասում էր՝ ես երկու ամսվա ծառայող եմ, ինձ ո՞վ կտանի առաջնագիծ…»

Իսկ իրականում զանգում էր հենց կրակի միջից։

Մոտ երկու շաբաթ անց նրանց իջեցրել էին զորամաս՝ կարճ հանգստի։ Այդ օրերին Գեւորգը հորը պատմել էր, որ հոկտեմբերի 15-ին կրկին պիտի գնան Ջրական։

Հոկտեմբերի 14-ի գիշերը Աշոտ Սաղաթելյանը ճանապարհ ընկավ որդու մոտ։ Տանից դուրս գալիս կնոջն ու մորը ժպիտով հրաժեշտ տվեց։

«Ասես հարսանիքի էր գնում…»,- հիշում է Վեներան։

Հաջորդ օրը նա արդեն որդու կողքին էր։ Կամավորագրվել էր, զենք ստացել ու կանգնել նույն դիրքերում, որտեղ կռվում էր իր տղան։

Գեւորգենց դասակը ուրախացել էր նրա գալուց։

«Աշոտ ձյաձյան եկել է, ամեն ինչ լավ կլինի…»

Այդ խոսքերն այսօր հնչում են որպես վերջին հավատը։

Հոկտեմբերի 15-ի երեկոյան Աշոտ Սաղաթելյանը զանգել էր եղբորն ու ընկերոջը։ Ժամեր անց նա ու որդին զոհվեցին նույն պայթյունից։

Ջրականի ու Հադրութի միջեւ ընկած տարածքում ԱԹՍ-ի ռումբը խլեց յոթ կյանք։ Նրանց թվում էին հայր ու որդի Սաղաթելյանները՝ իրար կողքի կանգնած։

Տիկին Վեներան պատմում է, որ երբ հրամանատարը հարցրել էր, թե ով է պատրաստ ինքնակամ գնալ առաջնագիծ, մոտ քսան զինվոր առաջ էր եկել։

Նրանցից մեկը Գեւորգն էր։

Հորեղբայրը՝ Վարդանը, ցույց է տալիս Գեւորգի երկու լուսանկար։ Մեկում նոր զորակոչված տղա է՝ պայծառ աչքերով։ Մյուսում արդեն պատերազմն անցած զինվոր։

Դա նրա վերջին լուսանկարն է։

«Նայեք, տարբերությունը տեսեք…»

Մայրը հավելում է․ «Գեւորգի դասախոսներից մեկն ասել էր՝ “Գեւորգիս պայծառ աչքերն ո՞ւր են…”»

Հարսն ու սկեսուրը ճշմարտությունը իմացան միայն երկու ամիս անց՝ դեկտեմբերի 17-ին, երբ գտնվեցին մարմինները։

Այդ ամբողջ ընթացքում նրանք սպասում էին։ Աղոթում։ Հավատում հրաշքի։

Հոկտեմբերի 18-ին նույնիսկ զանգ էր եկել Աշոտի հեռախոսից։ Երբ հետ էին զանգել, պատասխանել էին ադրբեջաներեն։ Միայն «օղլի» բառն էին հասկացել։

Բայց Նեռա Գրիգորյանը վստահ ասում է․ «Աշոտը գերի ընկնող չէր…»

Նա հիշում է, թե ինչպես էր որդին պատերազմի մասին խոսելիս Գեւորգին խորհուրդ տալիս երբեք չհանձնվել։

Այդ երկու ամիսներին Վարդանը, արդեն իմանալով իրականությունը, անդադար որոնում էր նրանց մարմինները։ Բայց ընտանիքին ոչինչ չէր ասում։

«Մինչեւ 100 տոկոս չիմանայի, չէի ասի…»

Տիկին Վեներան պատմում է, որ դեռ տասը օր անց արդեն սրտով զգացել էր ամեն ինչ։ Երազում տեսել էր երկու մեծ սեւ գերեզմանաքար ամայի դաշտում։

Դեկտեմբերի 17-ին, երբ արտերկրից բոլոր հարազատները հավաքվել էին տանը, նա հասկացել էր ճշմարտությունը։

«Ես հարցրի՝ ո՞ր մեկն է, Վարդան…»

Նա լռում է մի քանի վայրկյան։

«Ասաց՝ երկուսը…»

Սենյակը լցվում է ծանր հեկեկոցով։ Այդ ցավը երբեք չի լքի այս տունը։

Վեներան հիշում է, թե ինչպես էին պատերազմի օրերին գնում զոհված տղաների հոգեհանգիստներին։

«Աշոտն ասում էր՝ “մեր երեխան ա, ի՞նչ տարբերություն…” Մենք գնում էինք՝ չիմանալով, որ մի քանի օր հետո…»

Տիկին Նեռան մինչ օրս չի կարողանում մոռանալ Գեւորգի վերջին խոսքերից մեկը։

«Տատ, ինչ էլ որ լինի, իմացիր՝ քեզ շատ-շատ եմ սիրում…»

«Ինչ էլ որ լինի…»

Այդ բառերը հիմա հնչում են որպես հրաժեշտ, որը տատը լսում է ամեն օր։

Գեւորգի մանկության ընկերը սրտի վրա դաջվածք է արել․ «Հայաթն եմ, իջիր»։ Դա նրանց ընկերական ամենասիրելի արտահայտությունն էր։

«Կա՞ մի հարց, որ ամեն օր տալիս եք ինքներդ ձեզ»,- հարցնում եմ Վեներային։

Նա երկար լռում է։ Հետո կամաց ասում է․

«Ամեն օր նույն հարցն եմ տալիս… ինչի՞ սենց եղավ…»

ՀԳ․ Գեւորգ եւ Աշոտ Սաղաթելյանները հետմահու պարգեւատրվել են Մարտական ծառայության մեդալով։

Նրանք հեռացան այս կյանքից կողք կողքի՝ ինչպես հայր ու որդի, ինչպես ընկերներ, ինչպես հայրենիքի իսկական զինվորներ։ Նրանց անունները մնացին ոչ միայն ընտանիքի սրտերում, այլեւ այն երկրի հիշողության մեջ, որի համար պատրաստ էին ամենաթանկը զոհել։

Լուսանկարները՝ Սաղաթելյանների ընտանեկան արխիվից, Հակոբ Պողոսյանի