Ճանաչենք մեր հերոսներին. «Եթե մենք չլինենք 18 տարեկան երեխաների կողքին, ո՞վ պետք է լինի». կամավոր Գևորգ Ինջիղուլյանը զոհվել է հոկտեմբերի 8-ին Հադրութում

«Աշխույժ, անչափ աշխատասեր, ընկերասեր տղա էր։ Թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում իրեն սիրող ու գնահատող մարդիկ կային։ Նվիրված էր ընտանիքին, ընկերներին, հայրենիքին…» — որդու մասին «Փաստի» հետ զրույցում պատմում է տիկին Մարինեն՝ հերոս Գևորգ Ինջիղուլյանի մայրիկը։

Գևորգը ծնվել է Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղում։ Մանկության տարիներին ընտանիքով տեղափոխվել են Ռուսաստանի Դաշնություն։ Այնտեղ է սկսել դպրոց հաճախել, բայց ճակատագիրը նորից հայրենիք է վերադարձրել նրան։ Հայաստանում ուսումը շարունակել է Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցում։ Այսօր այդ դպրոցի բակում կանգնած հուշակոթողը և հերոս տղաների լուսանկարներով դասասենյակը լուռ պատմում են այն սերնդի մասին, որը կյանքից առավել թանկ համարեց հայրենի հողը։

Մայրիկը հիշում է՝ Գևորգը ոչ միայն խելացի ու ընդունակ աշակերտ էր, այլ նաև մշտապես ձգտում էր ավելին սովորել, զարգանալ, ուժեղանալ։ Դպրոցից հետո ընդունվեց Ավիաուսումնական կենտրոն։ Ծառայեց Արցախում՝ նախ Շուշիում, ապա Ակնայում։ Կրտսեր սերժանտ էր։

Բանակից վերադառնալուց հետո որոշ ժամանակ մեկնեց Ռուսաստան, բայց սիրտը նրան կրկին Հայաստան բերեց։ «Օտար լեզուների էր տիրապետում, միշտ ինքնակրթությամբ էր զբաղվում։ Երազանքներ ուներ, նպատակներ… Միշտ ասում էր՝ պետք է ավելիին հասնել»,- պատմում է մայրը։ Բայց պատերազմը խլեց այդ բոլոր երազանքները՝ դրանք վերածելով անմահ հիշատակի։

Մինչև հոկտեմբերի 7-ը ընտանիքը կապի մեջ է եղել Գևորգի հետ։ Այդ օրը մայր ու որդի վերջին անգամ են խոսել։ «Երկար չխոսեց։ Ասաց՝ «Մամ, դեռ էլի մարդկանց պետք է զանգեմ, երկար խոսել չեմ կարող»։ Այդ երկու նախադասությունն այսօր էլ ականջներիս մեջ են»։

Հոկտեմբերի 8-ին զանգ չեղավ։ Իսկ հոկտեմբերի 9-ի առավոտյան մայրական սիրտն արդեն ամեն ինչ զգացել էր։ «Չգիտեմ ինչու, բայց անընդհատ զոհված տղաների անունների մեջ իր անունն էի փնտրում։ Կարծես ներսումս ինչ-որ ձայն ասում էր՝ վատ բան է եղել։ Առավոտյան արթնացա ու զգացի, որ պետք է եկեղեցի գնամ։ Գնացի մոմ վառելու։ Այդ օրը կարծես իրականությունից կտրված լինեի…»։

Գևորգը զոհվել էր հոկտեմբերի 8-ին՝ Հադրութում։

Նրա ընկերները հետո են պատմել, թե ինչպիսի մարդ ու մարտիկ էր նա։ «Միշտ իր հագուստը տալիս էր ժամկետային զինծառայողներին։ Ինքը գնում էր սնունդ բերելու, հոգ էր տանում բոլորի մասին»։ Բայց ճակատագրական օրը տղաները շրջափակման մեջ են հայտնվում։ Փրկվելու ընդամենը մեկ ճանապարհ է եղել։

Այդ պահին Գևորգը մի նախադասություն է ասել, որը հավերժ մնաց իր ընկերների հիշողության մեջ.

«Դուք գնացեք… ես ձեր թիկունքը կպահեմ»։

Նա մնաց մինչև վերջ։ Մնաց, որպեսզի մյուսները ապրեն։

Ավաղ, հերոս տղան անմահացավ դիպուկահարի կրակոցից։ Այդ ընթացքում նաև պայթյուն է եղել, վիրավորվել է նրա ընկերը՝ Սուրենը։ «Հետո ինձ ասաց՝ Գևորգն ինձ փրկեց… Եթե ինքը չլիներ, ես հիմա կենդանի չէի լինի»։

Պատերազմի դաշտում Գևորգը միայն մարտիկ չէր։ Նա իսկական առաջնորդ էր։ Ընկերները պատմել են, որ անգամ կարողացել է թշնամու կողմ անցնելով՝ կարևոր նյութեր բերել։ Նրա խիզախության մասին կարելի է անվերջ խոսել։

«Մեկ-մեկ նստում ու մտածում եմ՝ ինչերի միջով է տղաս անցել… Ինչքան ծանր օրեր է տեսել… Բայց ոչ մի քայլ հետ չի գնացել»,- ասում է մայրը՝ արցունքները թաքցնելով։

Տիկին Մարինեին հասել է նաև որդու հեռախոսը։ Գևորգը պատերազմի օրերին իր հեռախոսից ջնջել էր ամբողջ անձնական ինֆորմացիան։ Պահել էր միայն մարտի դաշտում արված լուսանկարները և խնդրել դրանք փոխանցել մայրիկին։ Կարծես կանխազգացել էր, որ դրանք դառնալու էին իր վերջին լուռ խոսքերը…

Ընկերները նույն օրը կարողացել են մարտի դաշտից դուրս բերել նաև նրա մարմինը։ Հոկտեմբերի 9-ին Գևորգն արդեն Էջմիածնում էր՝ հարազատների կողքին, բայց այլևս լուռ…

Գևորգը եղբայր և քույր ունի։ Իսկ կյանքը շարունակելու ուժի մասին խոսելիս մայրը դժվարությամբ է զսպում հուզմունքը։ «Թոռնիկներն ինձ փրկեցին։ Չէի ուզում իրենց ներկայությամբ լաց լինել։ Տանից դուրս էի գալիս, գնում մի անկյուն, որ գոռալով լաց լինեմ։ Բայց եթե տանը լաց էի լինում, փոքր թոռնիկս մոտենում էր, արցունքներս սրբում…»։

Մի օր Երևանից վերադառնալիս տիկին Մարինեն հանկարծ հասկացել է, որ իրեն բոլորովին միայնակ է զգում։ Տաքսի է նստել ու գնացել Եռաբլուր։

«Մի կողմում հուղարկավորություն էր, մյուս կողմում՝ ծնողներ, որոնք լուռ կանգնած էին իրենց տղաների շիրիմների մոտ։ Այդ պահին սթափվեցի։ Հասկացա՝ մենակ չեմ։ Իմ ցավը միայն իմը չէ։ Իմ նման հարյուրավոր ծնողներ կան… Այդ օրը մի փոքր ուժ գտա ապրելու համար»։

Այսօր Գևորգ Ինջիղուլյանի անունը ապրում է ոչ միայն իր ընտանիքի, ընկերների ու հարազատների սրտերում, այլ նաև այն տղաների հիշողության մեջ, որոնց կյանքը նա փրկեց սեփական կյանքի գնով։

Կամավոր Գևորգ Ինջիղուլյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Նա նաև արժանացել է տարբեր հասարակական կազմակերպությունների պարգևների։ Հուղարկավորված է հայրենի Գրիբոյեդով գյուղի պանթեոնում։

Բայց ամենամեծ պարգևը նրա անունն է, որն այսօր հնչում է հպարտությամբ։ Որովհետև կան մարդիկ, որոնք ապրում են կարճ, բայց դառնում են հավերժություն։ Գևորգն այդ մարդկանցից մեկն էր։