Ճանաչենք մեր հերոսներին. «Մա՛մ ջան, մեծանամ՝ քեզ թագուհու նման եմ պահելու…»

«Մա՛մ ջան, մեծանամ՝ քեզ թագուհու նման եմ պահելու…»․ Եռաբլուրում հանգչող Կարենի կիսատ մնացած երազանքները

Կան անուններ, որոնք լսելիս մարդու սիրտը լռում է մի պահ։ Կան տղաներ, որոնց մասին պատմելիս բառերը դառնում են ծանր, իսկ հիշողությունները՝ անսահման ցավոտ։ Այդպիսի տղաներից մեկն էր Կարեն Հովսեփյանը՝ Արթիկից մի պարզ, լուսավոր, աշխատասեր տղա, որի կյանքը պատերազմը խլեց ընդամենը 24 տարեկանում։

Բայց մայրիկի համար Կարենը պարզապես հերոս զինվոր չէ։ Նա այն երեխան է, որը փոքրուց ասում էր․ «Մա՛մ ջան, մեծանամ՝ քեզ թագուհու նման եմ պահելու»։

«Կարենս շատ աշխույժ երեխա էր։ Ջիգյարով, սիրտը բաց, բոլորին օգնող։ Տուն էի հոգնած գալիս, ասում էր՝ «Մա՛մ ջան, դու հանգստացի, ամեն ինչ ես կանեմ»»,-արցունքները զսպելով պատմում է տիկին Նարինեն։

Կարենը ծնվել է Արթիկում։ Դեռ փոքր էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Ռուսաստան։ Այնտեղ շարունակեց ուսումը, զբաղվեց սպորտով, հետաքրքրվեց նկարչությամբ։ Ամեն ինչ էր ուզում փորձել, ամեն ինչ սովորել։

«Մեկ մի բան էր սարքում, մեկ՝ ուրիշ բան կառուցում։ Տուն չէր գալիս առանց քերծվածքների։ Բայց այդ աշխուժության մեջ մի անսահման բարություն կար»,-ժպտում է մայրիկը՝ հիշելով որդու մանկությունը։

Փոքր ժամանակ անգամ դպրոց էր գնում առանց պայուսակի։ Հարևանը հետևից գոռում էր․ «Կարե՛ն ջան, պայուսակդ ո՞ւր է»։ Իսկ նա հանգիստ պատասխանում էր․ «Դպրոց եմ գնում»։

Այդպիսի լուսավոր, անկեղծ ու կյանքով լի տղա էր։ Բայց տարիների հետ նաև շատ հասունացավ։ Մաքրասեր դարձավ, կարգապահ, ընտանիքին նվիրված։ Ամենաշատը կապված էր քրոջ հետ։ Երբ քույրը ամուսնացավ, մի քանի օր տուն չէր վերադառնում։ Չէր կարողանում հաշտվել, որ քույրիկն այլևս իրենց տանը չի ապրում։

Դպրոցն ավարտելուց հետո Կարենը երազում էր ոստիկան դառնալ։ Բայց նախ որոշեց ծառայել հայրենիքին։

2019 թվականի հունվարի 18-ին նա մեկնեց բանակ։ Ծառայում էր Հադրութում։

«Երբեք չէր բողոքում։ Ինչ էլ լիներ, չէր ասում։ Միշտ ինձ հանգստացնում էր։ Իրեն “կորդ” տեսակի զենք էին վստահել, ասում էին՝ շատ լավ է տիրապետում։ Մի անգամ ասաց՝ “Մա՛մ, ուզում էին սերժանտի կոչում տան, չուզեցի։ Ինձ առանց դրա էլ վստահում են”»։

Կարենը իսկապես այն տղաներից էր, որոնց վստահում էին ամենադժվար դիրքերը։ Որովհետև ուժեղ էր։ Որովհետև ընկերներին երբեք մենակ չէր թողնի։

Մայրիկի և որդու վերջին զրույցը եղել է 2020 թվականի սեպտեմբերի 26-ին։

«Զանգեց, ասաց՝ “Մա՛մ ջան, բան չմնաց, չորս ամիս հետո կգամ, չնեղվես”։ Այդ պահին ընկերուհուս տանն էինք, սուրճ էինք խմում։ Ո՞վ կմտածեր, որ դա վերջին անգամն է, երբ լսում եմ տղայիս ձայնը…»։

Հաջորդ օրը պատերազմը սկսվեց։

Կարենը կարող էր այդ դիրք չբարձրանալ։ Բայց երբ իմացավ, որ իր ընկերներն են գնում, ասաց՝ ինքն էլ պետք է նրանց հետ լինի։

Այդ օրը նույնիսկ հիվանդ էր։ Ատամը ցավում էր, ուռած էր դեմքը։ Դեղ էր խմել ու բարձրացել դիրքեր։

Թշնամին առաջինը հենց իրենց դիրքի ուղղությամբ էր ներխուժել։ 105-րդ դիրքում ընդամենը տասը տղա էին։ Նրանց հրամանատարը լքել էր դիրքը, բայց տղաները մնացել էին մինչև վերջ։

Կարեն Հովսեփյանը պատերազմի առաջին հերոսներից մեկն էր, որ ընկավ մարտում։

Չորս ամիս ընտանիքը չգիտեր՝ որտեղ է որդին։ Ամեն օր հիվանդանոցներ էին շրջում, ամեն տեղ փնտրում։

«Բոլորն ասում էին՝ գուցե այլ տեղում է, գուցե չի կարողանում զանգել։ Բայց ես ասում էի՝ եթե Կարենս շնչեր, թեկուզ թուրքի ձեռքից հեռախոսը կվերցներ ու ինձ կզանգեր, որ չանհանգստանամ…»։

Միայն ամիսներ անց ԴՆԹ հետազոտությամբ հաստատվեց Կարենի ինքնությունը։

Մայրիկն ասում է՝ մինչև այսօր էլ սպասում է որդուն։

«Չեմ տեսել իրեն… Դրա համար ներսումս դեռ սպասում կա»։

Կարենից հետո նրա քույրը որդի ունեցավ և եղբոր անունը տվեց երեխային։ Տանը կրկին հնչեց «Կարեն» անունը։ Բայց այս անգամ՝ ցավի, կարոտի ու հիշողության հետ միասին։

«Հիմա, երբ մյուս ծնողները պատմում են իրենց տղաների մասին, ինձ թվում է՝ իմ Կարենի մասին են խոսում։ Բոլորն այնքան նման են իրար… Բոլորը նույնքան լուսավոր տղաներ էին…»։

Կարեն Հովսեփյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Նա հանգչում է Եռաբլուրում՝ այն հազարավոր տղաների կողքին, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի։

Բայց մայրիկի համար նա միշտ կմնա նույն աշխույժ տղան, որը մի օր խոստացել էր․

«Մա՛մ ջան, մեծանամ՝ քեզ թագուհու նման եմ պահելու…»