Աղջկաս հարսանիքից հետո մի քիչ հանգստացել էի, մտածում էի՝ ի՞նչ լավ ա ամեն ինչ վերջացավ, էն ամենաէականն էլ մնաց՝ կարմիր խնձորը բերեն, կասեմ՝ դե վերջ, էն էլ ավանդական կարգով: Բայց վայ, տեսնեմ չեն գալիս… Սպասեցի մի կես օր, անցավ-գնաց, մտածեցի՝ բա որ չբերեն, հարևանները հո չեն լռի՞: Զանգեցի աղջկաս կիսուրին, ասեցի՝ բա խնձորները չեք բերում՞, ասեց՝ այ Սիլվա ջան, էդ ի՞նչ ձևերի հետևից ես ընկել, հիմա հո նախնադարյա ժամանակներն էլ չի՞…
Ես էլ մի պահ քարացել եմ՝ լավ, բա ինչ ասեմ իմ հարևաններին, բարեկամներին, նրանք կասեն՝ դե էդ Սիլվան էն խելոք մարդը չի, ուրեմն մի բան էն չի, թե չէ խնձորը մի օրով էլ բերեին… Սկսեն շշուկ-շշուկ խոսել մեր հետևից: Աղջկաս ես միշտ շատ խիստ եմ պահել, փակել եմ՝ աչքից, աշխարհից, շփվելու բան թողած չեմ:
Որ եկան ուզելու, լավ տեսա տղուն, խնամքին, ասեցի՝ լավ մարդիկ են, տամ, բայց մինչև մատանի չդրեցին՝ չթողեցի աղջկաս էդ տղու հետ մենակ հանդիպի: Հարսանիք արեցինք՝ ճոխ, ամեն ինչ տեղը տեղին, խնամին բերանը չբացի ասի՝ էսինչն էն չկար:
Հարսանիքից հետո հաջորդ օրը սպասում էի՝ հիմա կարմիր խնձորը կբերեն, հարևաններին ցույց կտամ՝ թե բա ամեն ինչ կարգին ա, բարեկամներն էլ ուրախանան: Տեգորս կնիկն էլ ամեն հինգ րոպեն մեկ զանգում էր՝ ի՞նչ նորություն չկա՞…
Վերջը էլ սիրտս չդիմացավ, զանգեցի աղջկաս կիսուրին, ասում ա՝ հա լավ էլի, Սիլվա ջան, ի՞նչ ձևերի հետևից ես ընկել, հո թասիբի համար խնձոր չենք բերում, հիմա որ թիվն ա՞, անցած-գնացած բաներ են դրանք…
Էհ, ես էլ շշմած մնացի: Աղջկաս էլ զանգեցի, հարցրի՝ բալես, ամեն ինչ նորմալ ա՞: Ասեց՝ հա մա՛մ, ամեն ինչ նորմալ ա, առավոտ ոսկի մատանի ա տվել կիսուրն, ճակատս էլ պաչել ա, բա դու մի մտածի:
Հա, բալես, ասում եմ, լավ ա, բայց մեր հարևաններին ո՞նց հասկացնեմ՝ ամեն ինչ կարգին ա, չէ՞ որ մարդիկ աչքով են նայում, կասեն՝ Սիլվան էն մարդը չի, որ բամբասանքի տեղ թողնի… Մարդս էլ մի կողմից նյարդերիս խփում ա, ասում ա՝ Սիլվա, դրան էլ անցի, մարդկանց ինչ կա՝ չխոսան…
Բայց էս սրտիս ներսը տեղ չի գտնում, ուզում եմ թե չէ, հարևաններին հավաքեմ, ասեմ՝ խնձորը բերին, հլա սրա՞նք էլ… Ու ապրենք հանգիստ…