Մայիսի 25-ին Բաքվում տեղի ունեցած հանդիպումը Ալիևի և Ուկրաինայի արտգործնախարարի միջև շատ ավելի մեծ քաղաքական ենթատեքստ ուներ, քան պարզապես դիվանագիտական ժեստերի փոխանակում:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիգիբային: Պաշտոնական հաղորդագրությունը՝ զուսպ ու դիվանագիտական, հնչեցվել է ըստ ձևաչափի՝ Զելենսկու ողջույնները, երախտագիտություն Ադրբեջանին մարդասիրական օգնության համար, առանձնահատուկ շեշտով՝ Իրպենում իրականացվող ծրագրերին Բաքվի մասնակցությունը:
Սիգիբան ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հանդեպ Կիևի երախտագիտությունը: Ալիևը, իր հերթին, հղել է իր ողջույնները Վլադիմիր Զելենսկուն և վերահաստատել, որ Ադրբեջանը մշտապես հարգել է և շարունակելու է հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը:
Իսկ հիմա, ինչպես ասում են, գնդակը գետնին է ընկնում. Ալիևի այս դիրքորոշումը՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականության անվերապահ ճանաչումը, հնչում է այն պահին, երբ ռուս-ուկրաինական բանակցություններն ընթանում են, և Ռուսաստանի համար ամենացավոտ հարցը՝ տարածքային հարցը, մնում է գլխավոր խոչընդոտը հրադադարի հաստատման ճանապարհին:
Ալիևը, փաստորեն, այս հանդիպման միջոցով ցուցադրում է, որ ոչ միայն չի ընդունում Մոսկվայի տարածքային խաղերը Ուկրաինայում, այլև ընդգծում է իր սեփական օրակարգը. Ադրբեջանը չի ճանաչում որևէ ինքնորոշման իրավունք, լինի դա Դոնբասում, թե Լեռնային Ղարաբաղում: Բաքվի համար «ինքնորոշման իրավունք» հասկացությունն ընդամենը քաղաքական «ֆիկցիա» է, որը պետք է ճնշվի ուժով:
Ու սա այն պահին, երբ անգամ ԱՄՆ-ը փաստում է, որ Ուկրաինան դժվար թե վերադարձնի իր կորցրած բոլոր տարածքները, ու թեև Ալիևի հայտարարությունները դժվար թե ազդեն մեծ քաղաքական գործընթացների վրա, դրանք քաղաքական ուղերձ են՝ ուղղված թե՛ Մոսկվային, թե՛ Կիևին: Բաքուն բացահայտորեն ցույց է տալիս, որ կանգնած է Կիևի տարածքային ամբողջականության դիրքերում, քանի որ սա ոչ միայն Ուկրաինայի հարցն է, այլ նաև իր «պատգամը» Մոսկվային՝ Ղարաբաղի թեմայով:
Մոսկվայի դիրքորոշման հիմքում, հիշեցնենք, ընկած է ՄԱԿ-ի 1970 թվականի բանաձևի հայտնի թեզը՝ եթե պետությունը չի հարգում իր տարածքի փոքրամասնությունների ինքնորոշման իրավունքը, ապա նրա տարածքային ամբողջականությունը չի կարող լինել սրբազան և անվիճելի: Ալիևը ցույց է տալիս, որ այդ թեզը իրեն համար ոչ միայն անընդունելի է, այլև վտանգավոր:
Ավելին, Բուդապեշտում Թուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթաժողովում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հստակ հայտարարությունը՝ «Ինչպես նախկինում, այսօր էլ աջակցում ենք Ադրբեջանին Ղարաբաղի հարցում», հուշում է, որ Բաքուն լիովին չի մարսել Ղարաբաղի թեման, և դեռ կա վտանգ, որ այն նորից կարող է վերածվել տարածաշրջանային լարվածության հանգույցի:
Ուկրաինայի արտգործնախարարի Բաքու այցը, հնարավոր է, նաև կապված է թուրքական միջնորդությանը Բաքվի ներգրավման հարցի շուրջ Կիևի դիրքորոշումը հստակեցնելու հետ: Միգուցե Կիևը փորձում է հասկանալ, թե որքանով կարող է Բաքուն օգտակար լինել որպես միջնորդ, հատկապես այն պարագայում, երբ հաջորդ բանակցությունների փուլը նախատեսվում է ոչ թե Ստամբուլում, այլ, օրինակ, Շվեյցարիայում կամ Վատիկանում:
Ինչ էլ որ ցույց տան Կիև-Բաքու շփումների արդյունքները, մի բան ակնհայտ է. Ուկրաինայի արտգործնախարարի այցը Բաքու քաղաքական ուղերձ էր՝ Մոսկվային ուղղված հստակ և սառը նախազգուշացում. հարաբերությունները Ռուսաստանի հետ սառել են, և Բաքուն չի պատրաստվում խաղալ Մոսկվայի սցենարով: