Ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս քաջաբար ընկավ Արտակ Սարգսյանը։ Նա իր հերոսական կյանքը տվեց հայրենիքի համար, բայց նրա լույսը շարունակում է վառ մնալ՝ քրոջ՝ Աննայի սիրառատ հուշերում։
Արտակը ծնվել է 2001թ. փետրվարի 23-ին՝ Ռուսաստանի Դաշնության Կալուգա քաղաքում։
Նրա մասին խոսելիս Աննան բառ առ բառ լցնում է իր սիրով, կարոտով ու ջերմությամբ։ Եղբոր և քրոջ կապը ոչ միայն արյունակցական է՝ այն հոգու խորքից եկող մի ամբողջություն է։
«Մեր տարիքային տարբերությունը ինձ համար միշտ նկատելի էր՝ Արտակն ինձ համար ոչ միայն ավագ եղբայր էր, այլև պաշտպան, սյուն, ամենահուսալի թիկունք։ Ծնված օրվանից նա իմ կյանքում էր, ու դա լավագույն բանը եղավ, որ ունեցել եմ։ Փոքր ժամանակ թևերը փռում էր վրաս ու ասում՝ “Աննայիս բան չասե՛ք”։ Այդ պահերը երբեք չեն մոռացվում»։
Աննայի ու Արտակի կապը ֆիզիկական չէ միայն՝ այն հոգևոր, անբաժան մի բեկոր է, որ կապում է երկինք ու երկիր։
«Երբևէ չեմ երազել այլ եղբոր մասին։ Թեև վեճեր ունեինք, բայց միշտ միմյանց թև ու թիկունք ենք եղել։ Արտակը իմ անփոխարինելի ընկերը, խորհրդատուն ու պահապանն էր»։

Հայաստան տեղափոխվելը հիշողությունների մի պայծառ էջ է Աննայի համար․ «Երբ տուն մտանք, վազեցինք տատիկիս ու պապիկիս սենյակ, բարձրացանք անկողնու վրա ու գոռացինք՝ “Հա-յաս-տա՜ն”։ Այդ օրը փայլում էր՝ հենց Արտակի պես»։
Եղբոր մանկության ամենափոքր դրվագն անգամ խնամքով պահում է սրտում։ «Հիշում եմ՝ համակարգչի առաջ էր նստած, երբ հարցրի՝ կուզե՞ր եղբայր ունենար։ Ասաց՝ հա, որովհետև եղբայրը կխաղար իր հետ։ Դա ինձ համար մեծ մոտիվացիա դարձավ. ուզում էի միշտ իր կողքին լինել։ Նա խաղի ժամանակ անգամ ինձ հաղթելու ձևը ցույց էր տալիս։ Ուսուցիչ էր՝ խաղի, կյանքի, արժեքների»։
Արտակն նպատակ ուներ՝ ստեղծել սեփական համակարգչային խաղը։ Աննան ասում է՝ նա արդեն մտքում տարբերակներ ուներ ու կրում էր մի հստակ երազանք՝ համադրել տեխնիկան ու արդարությունը՝ արդար աշխարհ կառուցելու երազով։
Նա լուսավոր ու հզոր մարդ էր՝ բառիս ամենախորը իմաստով։ Արտակը հմուտ էր լեզուներում, կարճ ժամանակում տիրապետեց հայերենին, ապա՝ անգլերենին։ Միաժամանակ ընդունվեց ԵՊՀ-ի տնտեսագիտության և ՀՖՀՀ-ի իրավագիտության ֆակուլտետներ։ Ընտրեց Ֆրանսիական համալսարանը։ Նրա երազանքներից մեկն էր աշխատել Ինտերպոլում։
«Արտակս երբեք մանրամասն չէր պատմում իր նպատակների մասին, բայց ես զգում էի՝ ամենակարևորը՝ ողջ ու առողջ վերադառնալն էր։ Ներքուստ զգում էր…»։
2019թ. հուլիսի 21-ին մեկնեց ծառայության Մարտակերտ։ Իր մասին քիչ էր պատմում, ընտանիքին հանգստացնում էր։ Զինվորական պարտքը կատարում էր ոչ թե պարտականությամբ, այլ՝ նվիրումով։
«Զորակոչից առաջ ասում էր՝ “Գնամ, կռիվ լինի, մեռնեմ, կփոշմանես”: Ասացի՝ մի՛ ասա նման բաներ։ Բայց երևի արդեն զգում էր։ Ես՝ հաստատ չզգացի։ Ու հիմա ցավը ճանկռում է։ Փոշմանում եմ…»։
Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը Արտակին ևս չշրջանցեց։ Զոհվեց հոկտեմբերի 29-ին՝ Ճարտար գյուղում։ Պարզվեց՝ մարտնչել է առաջնագծում, մինչդեռ ընտանիքին ասում էր՝ «2-րդ գծում եմ»։

«Հոկտեմբերի 27-ին վերջին անգամ խոսեցինք։ Տրամադրությունը կարծես փոխված էր՝ լուռ էր, դադարներով խոսում։ Ասացի՝ մեր հերոսն ես։ Ասաց՝ ա՜, ի՞նչ հերոս։ Իսկ մայրս՝ “շա՜տ ենք սիրում քեզ”։ Նա էլ՝ “բա ես ձեզ ինչքա՜ն”։ Այդպես էլ ավարտվեց մեր խոսակցությունը։ Ցավոք՝ ընդմիշտ…»։
«Պատարագի ժամանակ իմացանք նրա զոհվելու մասին։ Աշխարհը փլվեց։ Կորցրի իմ թևերը, իմ սյունը, իմ հավատը։ Այդ պահից գիտեի՝ առաջվանը երբեք չեմ լինելու»։
Աննան գտել է եղբորը ապրեցնելու իր ձևը՝ գրել է գիրք՝ «Որ չկորչի պատերազմում» վերնագրով։
«Գրեցի՝ որպեսզի տիեզերքի այդ հզոր մարդը չկորչի հիշողությունից։ Գրքում Արտակն է, ծառայակից ընկերները, մեր ընտանիքի ապրումները։ Ինձ համար ամենակարևորն այն է, որ Արտակը ապրում է այդ տողերում»։
Պատերազմն Աննային սովորեցրեց կարոտել առանց սահմանների, սպասել՝ առանց հույսի։
«Գրքում մի հատված կա. “Պատերազմին պարտվելը նրան հաղթելու պես բարդ է լինելու, ու նույնիսկ եթե հաղթեինք, երբեք չէինք վայելելու դա, որովհետև հաղթանակն արցունքներ չի սրբում”։ Արտակը չէր վերադառնա, անգամ եթե Արցախը մեզ լիներ»։

Արտակը շարունակում է ապրել՝ հիշողություններում, գրքի էջերում, ամեն խոսքի, լռության ու արցունքի մեջ։
«Ես ամեն օր խոսում եմ նրա հետ։ Եթե տեսնեի, կասեի՝ պաթոս չկա խոսքիս մեջ, ես իսկապես ատում եմ մենակությունը։ Կասեի՝ դու ես իմ կարոտը, իմ ամենահարազատը։ Մենք քեզ սպասում ենք՝ քո հագուստը տեղում է, քո աթոռը՝ դատարկ։ Կասեի՝ ներիր ինձ, որ քո մասին այսքան խոսում եմ, բայց պետք է։ Մարդիկ գուցե չեն գիտակցում՝ ում եմ կորցրել, բայց բոլորը գիտեն՝ ես Արտակի Աննան եմ։ Եվ կրկին կասեի՝ “Մեր հերոսն ես, գիտես, չէ՞”… “Մենք քեզ շա՜տ ենք սիրում…”»։