Ճանաչենք մեր հերոսներին. «Դավիթը որ երկու օր չզանգեց, ես սկսեցի մարել»․ «Արցախի հերոսը» խոցել է 15 տանկ և 1 մարտական մեքենա

«Մարեցի… օր օրի մարում էի…» — Դավիթ Գրիգորյանի մոր լուռ պայքարը որդու լուսաբացի պես կորստի հետ.

«Երկու օր էր՝ Դավիթս չզանգեց… Ես սկսեցի մարել, մարում էի օր օրի… Շատերը արդեն իմացել էին, բայց լռում էին ինձնից» — խեղդված հուզմունքով պատմում է Սուսան Ավագյանը՝ Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, հայրենիքի համար կյանքը նվիրաբերած 20-ամյա Դավիթ Գրիգորյանի մայրը։

Դավիթը մարտի դաշտում ոչնչացրել էր 15 տանկ ու 1 հետևակի մարտական մեքենա՝ Կարախամբիլի-Ֆիզուլիի ամենաթեժ ուղղությամբ։ Նրա քաջության համար հենց պատերազմի թեժ պահին՝ հոկտեմբերի 4-ին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նրան շնորհել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը։ Սակայն Դավիթը՝ իր լռակյաց մեծությունով, այդ մասին չի պատմել ոչ մորը, ոչ ընկերներին։ Իսկ Սուսանը, այդ լուրը իմանալով պատահաբար՝ Ֆեյսբուքում մի գրառման տակ, սառել էր մի պահ։

«Հոկտեմբերի 4-ին ասացին՝ Դավիթը հերոսի կոչում է ստացել։ Էդ պահին սիրտս փշրվեց՝ կարծեցի հետմահու է… Բայց ոչ, ասացին՝ շարունակում է ծառայել։ Մի պահ հանգստացա, բայց հենց էդ պահին հասկացա՝ որդիս առաջնագծում է՝ կրակի ամենաթեժ գծում…»։

Երբ նույն օրը Դավիթը զանգել էր տուն, մոր ձայնը կոկորդում էր խեղդվում․ «Տան մեջ մարդաշատ էր… Զանգը վերցրի ու ասեցի՝ իմ հերո՜ս բալա։ Իսկ ինքը՝ Դավիթիս խաղաղ բնավորությամբ, ժպիտով պատասխանեց՝ «Մամ, լսե՞լ ես… Լավ, վերջացրեք… Իմ գործն է՝ արել եմ»։

Դավիթը՝ այդ պահին արդեն հերոսացած, մեկ ամիս էլ շարունակեց մնալ ամենավտանգավոր դիրքերում։ Նոյեմբերի 2-ին նրա կյանքի շունչը դադարեց մեկ վայրկյանում՝ թուրքական «Բայրաքթարի» հարվածից։ Նրա մարտական ընկերը, ով նրա կողքին էր և ծանր վիրավորվել էր, ծնողներին պատմել է վերջին ակնթարթի մասին․ «Ճարտարի դիրքերում էինք։ Մի վայրկյան էր… Լույս, պայթյուն, ու վերջ։ Մինչև հիմա չեմ հասկանում՝ ոնց, որովհետև նույն տեղում էինք կանգնած… խոսում էինք»։

Սուսանի խոսքերն այս կետից սկսում են դառնալ ոչ թե խոսք, այլ ցավի հեքիաթ․
«Դրանից հետո էլ ի՞նչ կյանք… Կյանք չկար…»։

Դավիթը՝ ընտանիքի միակ որդին, կրթության նվիրյալն էր։ Յուրաքանչյուր վայրկյան ինքնուրույն գիտելիք հարստացնելու հնարավորության էր վերածում։ Դպրոցում գերազանց առաջադիմությամբ և գովասանագրերով էր ավարտել, դարձել «Կենգուրու» մաթեմատիկայի մրցույթի առաջին տեղակիր։ Ընդունվել էր տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետ։

Բայց Դավիթը չէր սահմանափակվում միայն դասերով։ Մարզական հաղթանակներ, շախմատի մրցաշարերում պատվավոր տեղեր, երկրորդ կարգ, Վրաստանում միջազգային մրցում… Բայց այս ամենից այն կողմ՝ մի հանգիստ, խորաթափանց, խորապես պատասխանատու տղա էր, որ չէր սիրում բարձր խոսել իր հաղթանակների մասին։

«Շախմատն իր ամենասիրածն էր… Բայց ինքը երբեք պարծենալ չէր սիրում։ Համալսարան ընդունվել էր՝ մենք կայքից իմացանք։ Երբեք չէր ասում, սպասում էր արդյունքին ու գործով էր ցույց տալիս», — պատմում է մայրը։

Սուսանը ապրում է հիշողություններով, բայց ոչ լուսանկարներով․ «Ալբոմներ չեմ թերթում, որովհետև ամեն օրը, ամեն վայրկյանը աչքիս առաջ է։ Իր ծնվելու օրվանից՝ ամեն րոպե ֆիլմի պես անցնում է աչքերիս առաջով։ Երբ անկյունի մոտ եմ կանգնում, ասես իր ներկայությունը շնչում եմ։ Ասում եմ՝ ի՞նչ եմ էստեղ կանգնել… Էս դուռը բացեցի՝ ասես Դավիթս ներսում էր»։

Մոր կյանքը Դավիթի զոհվելուց հետո դարձել է լռություն, որ բղավում է կարոտով․
«Ասում են՝ պիտի ապրես Դավիթի համար… Իմ երկու աղջիկների համար… Բայց երևի հենց Դավիթն է ինձ ուժ տալիս։ Ինքը չէր սիրում, որ ես տխուր էի, լացում էի…» — ասում է Սուսանը ու լռում։ Մի լռություն, որի խորքում ամեն մայր փնտրում է իր որդու շունչը։