Ճանաչենք մեր հերոսներին. Ոտքից վիրավոր, վատառողջ վիճակում գտնվող Հովհաննեսը շարունակել էր ծառայությունը ու չէր լքել դիրքը. Հովհաննես Հովհաննիսյան

Ծրագրավորողի երազանքներով տղան, որ դարձավ Հայրենիքի հերոս

Արցախյան վերջին պատերազմը հարյուրավոր հայ զինվորների կյանք խլեց։ Նրանք հայրենիքի հանդեպ անսահման նվիրվածությամբ իրենց կյանքը դրեցին մեր վաղվա խաղաղության հենասյուն դարձնելու համար։

Հովհաննես Հովհաննիսյանը Աշտարակի Բազմաղբյուր գյուղից էր։ Նրա կյանքը՝ լուռ երազանքներով ու մեծ նպատակներով լի, ընդհատվեց պատերազմական կրակի տակ։ Դպրոցն ավարտելուց հետո, ընդամենը կես բալի պատճառով չընդունվեց համալսարան։ Բայց դա չխանգարեց նրան՝ երազելու ու պայքարելու իր ապագայի համար։ Նա ցանկանում էր դառնալ ծրագրավորող։ Անընդհատ սովորում էր, զարգանում։ Բանակ զորակոչվելիս՝ Ջաբրայիլի զորամաս տանելով ոչ միայն իր անձնական իրերը, այլև բոլոր տետրերն ու դասագրքերը՝ նպատակ ունենալով ծառայության ազատ ժամերին կրկին անցնել սովորած նյութերը ու վերադառնալու դեպքում կրկին փորձել՝ հաղթահարել չստացված ընդունելությունը։

«Հովհաննեսը շատ ոգևորված էր ծառայությամբ։ Մենք ընտանիքում հորեղբայրներ ունենք, որոնք ծառայության օրինակ են դարձել։ Պատերազմի ընթացքում նա հաճախ էր զանգում մեզ, խոսում մայրիկի հետ, հույս տալիս՝ ամեն ինչ լավ է լինելու, հաղթելու ենք։ Պատերազմից մի օր առաջ տեսազանգով խնդրեց, որ ծնողները ցույց տան տունը, բակը… կարծես հրաժեշտի ակնարկ կար այդ հայացքում»,- պատմում է նրա հորեղբոր աղջիկը՝ Սեդա Հովհաննիսյանը։

Ծառայության ժամանակ Հովհաննեսը վարորդ էր։ Չնայած վիրավորվել էր ոտքից, վատառողջ էր, բայց ոչ մի պահ չդադարեց ծառայել։ 60 զինծառայողի, սպայական կազմի և անգամ իր վիրավոր ընկերոջը՝ բաց դաշտից փրկել էր կրակահերթերի տակ։ Նրա մեջ մի ներքին ուժ կար՝ աննկուն, անսասան։

Հովհաննեսը մի քանի անգամ փրկվել էր մահից։ Դիպուկահարի գնդակը մի օր դիպել էր դիմացից ընթացող մեքենային, մեկ այլ անգամ՝ նրա կողքին կանգնած ընկերոջը։ Բայց Հոկտեմբերի 28-ից հետո նա այլևս չզանգահարեց։ Այդ օրվանից Հովհաննեսի ձայնը լռեց… նրա հետ կապը հավերժ ընդհատվեց։

Թշնամու անօդաչու թռչող սարքը բաց դաշտում թիրախավորեց նրան՝ ապագա ծրագրավորողին։ Բայց այդ պահին նա արդեն վեր էր կանգնած մասնագիտությունից, վեր էր կանգնած անձնական երազանքներից։ Նա արդեն մեր բոլորի ապագայի պահապանն էր։ Հովհաննեսը հերոսաբար ընկավ՝ Հայրենիքի հանդեպ անմար սիրով ու նվիրումով։

Նրա երազանքները այսօր ապրում են մեր մեջ։ Նրա անունը՝ մեր սրտերում։ Իսկ նրա հերոսությունը՝ մեր հիշողության անջնջելի էջերում։