Բորիկ Սուլեյմանյան. հերոս, որն ընկավ խաղաղության լուսաբացից ժամեր առաջ ։
Բորիկ Սուլեյմանյանը ընդամենը մեկ ամսվա զինծառայող էր, երբ 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախում սկսվեց Ադրբեջանի սանձազերծած ավերիչ պատերազմը: 18-ամյա քաջորդին պատերազմի առաջին իսկ օրվանից մինչև վերջին պահն անմնացորդ հավատարիմ մնաց հայրենիքի պաշտպանությանը ու զոհվեց եռակողմ հայտարարության ստորագրումից հաշված ժամեր առաջ:
Բորիկն ազգությամբ եզդի էր ու ընտանիքի միակ արու զավակն էր։ Նրա կորուստն անչափ ծանր էր ընտանիքի համար, սակայն հարազատներն գիտակցում են, որ իրենց տղան զոհվեց հանուն հայրենիքի, հանուն խաղաղության ու հավերժ հիշատակի։
Սուլեյմանյանների ընտանիքն ապրում է Արմավիրի մարզի Խորոնք գյուղում, մի համեստ ու տաքուկ տանը, որտեղ ջեռուցումն էլեկտրաէներգիայով են ապահովում, քանի որ թաղամասը դեռ գազաֆիկացված չէ։ Բորիկն ուներ բազում ծրագրեր ու նպատակներ. ծառայությունն ավարտելուց հետո ցանկանում էր աշխատել ու օգնել ընտանիքին, որ տանը նույնպես տաք ու լուսավոր լինի։
Սևազգեստ կանայք` մայրը, տատն ու ազգականուհին, նստել էին հյուրասենյակի բազմոցին ու չէին կարողանում աչքերը կտրել կողքի սենյակում դրված Բորիկի լուսանկարներից: Կանանցից միայն տատն էր մի քանի բառ ասում սիրելի թոռան մասին, մյուսներն անձայն տանում էին իրենց վիշտն ու կարոտն ու կիսվում էին հիշողությունների միջով։

2019թ. Բորիկն ընդունվեց «Արմֆայթինգ» սպորտային դպրոց ու սիրով ու եռանդով նվիրվեց մարտարվեստին, անգամ հասցրեց մեդալներ նվաճել ու բազում հաղթանակներ տանել: Նրա մարզված մարմինն ու քաջ հոգին ընտանիքին վստահություն էին ներշնչում, որ բանակում նույնպես հաջողությամբ կհաղթահարի բոլոր փորձությունները:
«Մենք չգիտեինք, որ մեկ ամիս անց պատերազմ կսկսվի…» — պատմում էր Բորիկի հորեղբայրը ՝ Համլետ Սուլեյմանյանը — «Օգոստոսի 24-ին նրան ուրախ ու առողջ ճանապարհեցինք զինվորական ծառայության… չգիտեինք, որ դա վերջին հրաժեշտն էր»:
Կորոնավիրուսի համավարակի պատճառով Բորիկն սկզբում ավելի քան 20 օր կարանտինում անցկացրեց, հետո նրան տեղափոխեցին Ստեփանակերտ, իսկ նույն օրվա գիշերը արդեն ուղարկեցին Հադրութ:

Հորեղբոր պատմելով՝ Հադրութում անցկացրած 25 օրվա ընթացքում Բորիկն ականատես դարձավ բազում ընկերների զոհվելու ցավին ու դաժանությանը։ Սա ծանր ազդեց նրա հոգու վրա, սակայն չկոտրեց նրան. հավատարիմ մնաց զինվորի երդմանը ու չլքեց դիրքերը։
Հայրը — Տիտալ Սուլեյմանյանը — պատմում էր, որ պատերազմի ընթացքում ամեն օր կապ էր պահում որդու հետ, թեկուզ մի քանի բառով, պարզապես հավաստվելու համար, որ տղան ողջ ու առողջ է։
Նա հիշում էր, թե ինչպես Հադրութից նահանջելիս Բորիկն ինքն էր զանգել ու հավաստիացրել, որ անվտանգ տեղ են տեղափոխվում։
Մի պահ սենյակում տիրեց ծանր լռություն… Հորեղբայրը կոտրեց այն.
«Պատերազմը կարող էր չլինել… Եթե մեր դիվանագետներն ավելի ուժեղ լինեին, միգուցե այսքան զոհ չէինք տա… Սա ցեղասպանություն էր… 44 օր մեզ խաբում էին… Զինվորը գիտեր, որ պարտվում ենք, սակայն պաշտոնապես դա թաքցվում էր…»:

Տիտալ Սուլեյմանյանը պատմում էր, որ նոյեմբերի 7-ին Բորիկն էլեկտրոնային կապով տեղեկացրել էր ընտանիքին, որ 2 օր հանգստանալու են, քանի որ չորսով կարողացել էին ոչնչացնել 3 հակառակորդի զրահատեխնիկա։ Նոյեմբերի 8-ին նրան ու զինվոր ընկերներին տեղափոխել էին Մարտունու թաքստոցներից մեկը, որ մի քիչ շունչ քաշեն ու վերադասավորվեն։
Այդ օրը Բորիկն անջատեց հեռախոսն ու վերջին անգամ խոսեց ընտանիքի բոլոր անդամների հետ… Սակայն նոյեմբերի 9-ի առավոտյան նրան կանչեցին առաջնագիծ ու հենց նույն օրը հավերժացավ հերոսների շարքում։
Զոհվելուց հետո միայն 3 օր անց ընտանիքն իմացավ դառը լուրը։
Տիտալ Սուլեյմանյանին մխիթարում է այն, որ Մարտունիում Բորիկն ու նրա ընկերները ոչ մի դիրք չհանձնեցին ու մինչև վերջին շունչն հավատարիմ մնացին հայրենիքին։ Նա պատմում էր, որ որդին ու ևս 3 քաջ մարտիկ ոչնչացրել էին տասնյակ դիվերսանտներ ու նույնիսկ վերցրել նրանց համազգեստն ու փաստաթղթերը։
«Մարդամոտ էր, ընկերասեր ու շփվող… Քրոջն էր ամենաշատը վստահում ու պատմում ծառայության մանրամասները…» — հիշում են հարազատները։
Վերջերս Բորիկի հրամանատարներից մեկը փորձել էր կապ հաստատել ընտանիքի հետ, պատմել տղայի սխրագործությունների ու հերոսության մասին. ընտանիքն անհամբեր սպասում է այդ զանգին։
«Մեր 18-20 տարեկան տղաներն ընկան հերոսաբար… Եզդիներն ու հայերը դարեր շարունակ կողք կողքի են ապրել ու կռվել… Սա մեր ընդհանուր հայրենիքն է ու մենք հավերժ կհիշենք մեր հերոսներին… Մենք չենք փոշմանում, որ մեր տղան գնաց ու ծառայեց… Հպարտ ենք նրա քաջությամբ ու հավերժ կպահենք նրա հիշատակը» — եզրափակեց Համլետ Սուլեյմանյանը։