Ճանաչենք մեր հերոսներին. 1 ամսվա զինծառայող Մարտիրոսյան Աշոտը զոհվեց Հադրութում, ադրբեջանա-թուրքական հատուկջոկատայինների հետ անհավասար մարտում

Աշոտ Մարտիրոսյանը Էջմիածնից էր՝ լուռ, բայց հաստատակամ հայ երիտասարդ, ով դեռ պատանեկությունից գիտեր իր ճանապարհը։ Նա ավարտել էր «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրն ու, չնայած առողջական խնդիրներին, որոնք կարող էին նրան ազատել ծառայությունից, առանց երկմտելու որոշել էր՝ պիտի ծառայի։ 2020 թվականի օգոստոսի 19-ին ինքնակամ դիմում է ներկայացրել և զորակոչվել բանակ։

Աշոտը ծառայում էր Ջրականում։ Երբ սկսվեց Արցախյան պատերազմը, նա զինվոր էր ընդամենը մեկ ամիս։ Բայց այդ մի ամիսը բավական էր, որ իր մեջ կոփեր այն ուժն ու վստահությունը, որ անհրաժեշտ էր կռվի դաշտում կանգնելու համար։

Պատերազմի հենց առաջին օրվանից Աշոտը մարտի մեջ էր։ Հոկտեմբերի 12-ին՝ ընդամենը մի քանի շաբաթ անց, նրանց 12 հոգանոց խմբով շրջափակման մեջ են ընկնում։ Աշոտը զոհվեց հոկտեմբերի 15-ին, Հադրութում, ադրբեջանա-թուրքական հատուկջոկատայինների հետ անհավասար, բայց հպարտ մարտում։ Նա մարտնչեց մինչև վերջ՝ արժանապատվությամբ, անսասան կամքով։

Աշոտը երկար ժամանակ համարվում էր անհետ կորած։ Նրա ընտանիքի սիրտը չէր հաշտվում ոչ մի լուրի հետ։ 2021 թվականի մարտի 5-ին ԴՆԹ-ն տվեցին որպես հաստատում, բայց ընտանիքը հրաժարվեց հավատալ։ Երկրորդ փորձաքննության արդյունքներին նույնպես չհավատացին։ Աշոտի հայրը՝ ցավի ու հույսի արանքում, անձամբ տարավ նմուշը Սանկտ Պետերբուրգ՝ վերջին անգամ պարզելու ճշմարտությունը։ Եվ այնտեղ, երրորդ անգամ, արդյունքը նույնն էր… Այդ պահից սկսած՝ հույսը փոխարինվեց ցավի ամենասառը ճշմարտությամբ։

Այսօր Աշոտի ծննդյան օրն է։ Նա պիտի դառնար 20 տարեկան։ Այն գարունները, որ դեռ պիտի ապրեր, նա վստահ հանձնեց հանուն մեր գետնին, մեր սահմաններին, մեր ապրելու իրավունքին։ Նրա ապրելիք տարիները մենք ենք ապրում։ Նրա չասված խոսքերն այսօր հնչում են մեր աղոթքներում։

Երկնային ծնունդդ շնորհավոր, Աշոտ։ Դու չհեռացար, դու բարձրացար՝ կանգնելով հայոց հերոսների շքերթում։ Խունկ ու խոնարհում անմահ հիշատակիդ։