Ճանաչենք մեր հերոսներին. «Հայրս մարմնով ինձ ծածկեց, ինքը զոհվեց, ես ողջ մնացի». hայր և որդի պատերազմի դաշտում

Նա կյանքը տվեց, որ որդին ապրի. Հայրը իր մարմնով փրկեց որդուն՝ ընդմիշտ մնալով Եղնիկների հողում:

44-օրյա պատերազմի օրերին՝ երբ երկինքն ու երկիրը միախառնվել էին պայթյունների մեջ, Գագիկ Ավետիսյանը՝ Արցախի առաջին պատերազմի վետերանը, մի ընտրություն արեց, որն առավել խոսում է հայրական սիրո, արժանապատվության և նվիրվածության մասին, քան հազար բառ։

Երբ պատերազմը սկսվեց, նրա որդին՝ Ավետը, արդեն շուրջ մեկուկես տարի ծառայում էր Եղնիկներում։ Որպես փորձառու մարտիկ՝ Գագիկն առանց երկմտելու մեկնեց առաջնագիծ, որդու կողքին լինելու։ Մի բան հստակ գիտեր՝ եթե որդին կռվում է, ինքը պարտավոր է նրա թիկունքում կանգնել։

«Ես չհասցրեցի անգամ զանգել տուն… առաջին օրը՝ ժամանակ չկար, իսկ երկրորդ օրը… պապաս եկավ», – հիշում է որդին՝ Ավետը։

Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 21-ը նրանք կռվում էին միասին՝ ուս-ուսի, հայացք-հայացքի, մինչև այն օրը, երբ հայրական սերն իրեն բացարձակ զոհողությամբ դրսևորվեց։ Հոկտեմբերի 21-ին Մատաղիսի գրավյալ հատվածներից արձակված հրետանակոծությունը հասավ Եղնիկների դիրքերին։ Այդ ճակատագրական պահին, երբ մահը բառացիորեն օդում էր, Գագիկը դարձավ վահան՝ որդու համար։ Նա իր մարմնով ծածկեց Ավետին, ընդունելով պայթյունի բեկորներն ու հենց տեղում ընկնելով հերոսի պես։

«Իմ աչքերի առաջ սևացավ, հետո բացեցի աչքերս ու տեսա՝ բոլորը գետնին են պառկած։ Հայրս ուղղակի ինձ փրկեց։ Նա առաջին իսկ վայրկյանին զոհվեց», – պատմում է որդին։ Մի քանի վայրկյան՝ որոնք ընդմիշտ փոխեցին նրա կյանքը։

Այդ պահին Ավետը նույնիսկ չգիտեր՝ հայրը զոհվե՞լ է, թե պարզապես վիրավորվել։ Նա չէր ուզում հավատալ իրականությանը, որը դեռևս իր ողջ ծանրությամբ չէր ընկել նրա սրտին։

Պատերազմը Եղնիկներում սկսվել էր սեպտեմբերի 27-ի առավոտյան՝ դեռ նախաճաշել էլ չէին հասցրել զինվորները։ «Հենց նստել էինք ուտելու, սկսեցին կրակել։ Չհասցրինք ուտել… ու էդպես սկսվեց։ Սկզբում՝ վախ էր, շփոթություն, հետո՝ արդեն սովորական դարձավ. առավոտը կրակում էինք, գիշերը՝ քնում։ Բայց մեկ-մեկ գիշերներն էլ մեզ չէին ներում…», – հիշում է Ավետը։

Պատերազմի բովում նա հասկացավ՝ ինչի մասին խոսում էր իր ընկերը մեկ օր առաջ, երբ ուշ գիշեր ասել էր՝ «Պատերազմ է լինելու»։ Առավոտյան՝ ժամը 07:00-ին, արդեն ամեն ինչ սկսված էր։

Եղնիկներն այսօր հայկական են։ Թեև պատերազմի ընթացքում մի քանի դիրք կորցրեցին, ապա՝ հետ վերադարձրին։ Իսկ Գագիկ Ավետիսյանի հերոսությունը մինչ այսօր ապրում է այդ սուրբ բարձունքներում։ Նա այնտեղ է՝ հողի մեջ, բայց նաև մեր սրտերում՝ որպես հայր, ով առանց վարանելու կյանքը տվեց, որ որդին շարունակի ապրել։

Հավերժ փառք քեզ, աննկուն Հայրենասեր։
Որդուդ՝ խաղաղ երկինք… քեզ՝ հավերժական լույս։