Ճանաչենք մեր հերոսներին. Ժպտուն աչքերով այս տղան սիրելի էր բոլորի կողմից․ Դավիթը զոհվեց հանուն հայրենիքի

«Ես հիմա ապրում եմ՝ որ ապրեցնեմ իրեն». Դավիթը, որ մնում է հավերժ…

2001 թվականի մայիսի 8-ին, արևոտ մի օր Էջմիածնում ծնվեց մի լուսավոր երեխա՝ Դավիթը։ Տարածքն էլ էր լցվում լույսով, երբ նա ժպտում էր։ Նրա ժպտուն աչքերը՝ լցված բարությամբ, անտարբեր չէին թողնում ոչ ոքի։ Դավիթը ոչ միայն կրում էր իր անվան պատմական ուժը, այլ նաև ապրում էր որպես դրա կենդանի մարմնավորումը։ Հպարտ էր, արդար, համարձակ ու սրտաբաց։ Ու սիրելի՝ բոլորի կողմից։

Դավիթի մասին մեզ պատմեց մի անձ, ում սիրտը մինչ օրս զարկում է Դավիթով։ Նրա սիրած աղջիկը՝ Անի Կարապետյանը։ Նրանք ճանաչում էին միմյանց ավելի քան երկու տարի։ Բայց Անին երբեք Դավիթի մասին անցյալով չի խոսում։ Ասում է. «Ես սպասում եմ։ Ես հավատում եմ՝ ինքը կա։ Ու դեռ գալու է»։

Նրանց հանդիպումը պատահական էր, բայց ճակատագրական։ Ընդհանուր ընկերոջ միջոցով էր, որ ճանապարհները հատվեցին։ «Ծառայությունից առաջ մի քանի անգամ տեսել էի իրեն դրսում։ Հենց սկզբից չգիտեմ՝ ինչու, նյարդայնացնում էր։ Բայց ինքը հետո խոստովանեց՝ հենց առաջին պահից սիրել էր ինձ», – հիշում է Անին։

Մի քանի պատահական հանդիպումից հետո, բանակ զորակոչվելուց առաջ Դավիթն ու Անին սկսեցին հաճախ շփվել։ Ու հենց ծառայությունից հետո նրանց կապը դարձավ անկեղծ, ջերմ, ամուր։ Անին ասում է՝ Դավիթն իր հոգու ընկերը եղավ։ Երբ նա խոսում էր իր զգացմունքներից, աղջիկը համեստորեն ծածկում էր թեման՝ ասելով. «Մենք ուղղակի ընկերներ ենք»։ Բայց ներսում՝ սերն արդեն արմատներ էր գցել։

«Դավիթը իմ իդեալն էր ամեն ինչում։ Մարդիկ կատարյալ չեն լինում, բայց երբ սիրում ես՝ թերությունները մարում են։ Ինքը աշխարհում ամենաբարի ու հավատարիմ մարդն էր։ Կռվի կիզակետում էր միշտ՝ լինի իր գործը, թե ուրիշի։ Շատ էր նյարդային լինում, բայց երբեք չէր վիրավորի ոչ մեկին անտեղի», – ասում է Անին։

Ուր Դավիթն էր՝ այնտեղ ուրախություն կար, բարձր տրամադրություն, ծիծաղ ու լույս։ Անիի հիշողություններում նրա հետ կապված պահերը ցնցող են՝ մեկը մյուսից թանկ, կյանքի ամբողջ ընթացքի համար։

2020 թվականի փետրվարին, երբ Դավիթը հոսպիտալում էր, մայրիկին՝ տիկին Ռուզաննային պատմել էր Անիի մասին։ Ասել էր. «Մամ, մի աղջիկ կա՝ սիրահարվել եմ։ Ինձանից մեծ է երեք տարով, թմբլիկ է, բայց էնքան լավն է…» Մայրը զարմացել էր, իսկ Դավիթը ժպիտով ասել էր. «Դու էլ պապայից երեք տարով մեծ ես, չէ՞։ Թմբլ էլ կնիհարացնեմ, կարևորը՝ լավն է»։

2019թ․ հուլիսի 13-ին Դավիթը զորակոչվեց բանակ։ Ծառայությունը սկսեց Հոկտեմբերյանում, այնուհետև տեղափոխվեց Կուբաթլու, Մեղրի Ագարակ զորամաս։ Որպես հակատանկիստ՝ Դավիթը կռվեց Ջրականում՝ պատերազմի ամենաթեժ կետում։

Պատերազմի օրերին նա անընդհատ կապի մեջ էր Անիի հետ։ Բայց չնչին անգամ վախ չկար նրա ձայնում։ Ամսի 5-ին վիրավորում էր ստացել թևից և ոտքից, ինքն իրեն դիրքերում վիրակապել էր։ Անիի խնդրանքը՝ իջնել դիրքից, մերժել էր. «Իմ ընկերներին մենակ չեմ թողնի»։

Ամսի 9-ին նրանք վիճել էին։ Դավիթը մատանի էր ուղարկել ընկերոջ միջոցով։ Անիի պատասխանը եղել էր՝ «Սպասի կգաս՝ միասին կդնենք։ Ամեն ինչ լավ կլինի»։ Բայց այդ օրն էլ դարձավ վերջին… Դավիթը հերոսաբար զոհվեց հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը։

Անին չի հաշտվում կորուստի հետ։ Ասում է՝ Դավիթը մահացած չէ։ Նա ուղղակի հեռու է, ժամանակավոր։ Իսկ ինքը՝ ապրում է նրա փոխարեն․

«Ես ապրում եմ, որ ապրեցնեմ իրեն։ Իմ Դավիթը հուլիսի 13-ին եկել էր ինձ համար։ Նա չէր սիրում, երբ տխրում էի։ Ու հիմա ես ժպտալով եմ ապրելու։ Սպասելու եմ մեր հանդիպմանը։ Նա ամենալավն է, ում երբևէ ճանաչել եմ։ Եթե նորից ծնվելու հնարավորություն տրվի, կցանկանայի՝ նա լինի կողքիս։ Շատերը մտածում են՝ ցավից խելագարվել եմ, բայց… միևնույն է, մենք դեռ հանդիպելու ենք»։

Նյութը՝ journalist.am-ից