Ճանաչենք մեր հերոսներին. «Հրամանատարին գրկած զոհվել են»․ կամավորական Վաղարշակը զինակիցներին հանել է շրջափակումից

«Ես քեզ հաջող չեմ անում». Քավոր Վաղոյի հերոսական ուղին ու սպասումը, որ դարձավ հավերժություն

Վաղարշակ Սերյոժայի Գալստյանը՝ Քավոր Վաղոն, միացավ Արցախյան 44-օրյա պատերազմին ոչ թե պարտադրանքով, այլ սրտով ու կոչումով։ Նա կամավոր մեկնեց մարտադաշտ՝ աչալուրջ հայրենիքի ցավի հանդեպ ու խոր սիրով զինված։ Ամեն օր սկսվում էր լուրերով. ի՞նչ է կատարվում Հայաստանում, ու ի՞նչ կարիք կա, որ ինքը պատրաստ լինի գնալ՝ եթե պետք լինի։

2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան, լուրերը լսելով, նա արագ որոշում ընդունեց։ Մի պահ տուն վերադարձավ՝ լոգանք ընդունելու, ապա նորից դուրս եկավ՝ առանց երկմտելու։ «Հեսա գալու եմ, հեսա վերջանալու ա»,—ասաց ու գնաց։

Սուսաննա Նազարյանը, Վաղարշակի կինը, հիշում է այդ օրը այնպես, ինչպես մյուս բոլորը՝ հստակ, կաթիլ առ կաթիլ։ «Ես դպրոց էի գնում, նա հարցրեց՝ չե՞ս սպասում՝ հաջող անեմ, նոր գնաս։ Ասացի՝ չէ, ես չեմ ուզում, որ գնաս։ Եթե գնում ես, ես քեզ հաջող չեմ անում…»:

Սուսաննան ասում է՝ ամուսինը նախկինում էլ ծառայել էր, արդեն կատարել էր իր պարտքը։ Բայց Վաղարշակի պատասխանը միշտ նույնն էր՝ «Ամո՞թ չի, 18 տարեկան զինվորը զենքը ձեռքին կանգնած է, ես թողնեմ, գա՞մ»։ Այդպես էլ գնաց՝ առանց վարանելու, փրկեց շատերի կյանքը… բայց Աստված, ցավոք, չփրկեց իրեն։

Նա վերջին անգամ զանգեց հոկտեմբերի 29-ի առավոտյան։ Խոսեց անգամ որդու հետ, ինչը հազվադեպ էր. «Ասել էր՝ երեք օրից գալու եմ… բայց երեք օրը դարձավ մի ամբողջ կյանք, որ մենք ապրում ենք՝ իրեն սպասելով»,– ասում է Սուսաննան։

Վաղարշակը շրջափակման մեջ հայտնվել էր Հադրութում։ Ընկերներն այսօր էլ պատմում են՝ ինչպես էր նա միայնակ գնում՝ բերելով սնունդ, զենք ու նույնիսկ՝ ծխախոտ տղաների համար։ Իրենց դուրս էր հանել թեժ գծից։ Եվ երբ ազատվել էին շրջափակումից, Վաղարշակը բոլորին, ովքեր դեռ ընտանիք չունեին, ուղարկել էր տուն։

«Ասել էր՝ ես տղա ունեմ, իմ գործը կշարունակի, դուք գնացեք, ընտանիք կազմեք»,– հիշում են մարտական ընկերները։ Արցունքներով էր հրաժեշտ տվել, գիտակցելով՝ ինքն այլևս չի վերադառնալու…

Այնուհետև մեկնել էր «Մարտունի-2», որտեղ արդեն բոլորը նրան ճանաչում էին որպես Քավոր Վաղո։ Նրա դուխը, ոգևորությունն ու մարդասիրությունը լեգենդ էին դառնում՝ դեռ կենդանության օրոք։ Ու բոլորին ասում էր. «Ամեն ինչ լավ ա լինելու։ Ես քավորս եմ լինելու բոլորիդ»…

Քավոր Վաղոյի պատմությունը լռությամբ ապրող հսկայի պատմություն է։ Պատմություն՝ սիրո, կորուստի, հայրենասիրության, վստահության և անմար հույսի մասին։ Սուսաննան այսօր էլ ասում է.

«Ես ապրում եմ՝ նրան ապրեցնելու համար։ Եթե նորից ծնվեմ, թող նա լինի իմ կողքին։ Մենք դեռ կհանդիպենք…»

Մանրամասները՝ տեսանյութում։