Սեպտեմբերի 27-ի առավոտյան Նարինեն արթնացավ Ստեփանակերտի իրենց վարձակալած բնակարանում պայթյունների հզոր ձայներից: Սկզբում նա մտածեց, որ սա, ամենայն հավանականությամբ, տանիքների վերանորոգման աշխատանքների հերթն է հասել իրենց շենքին: Սակայն ձայները կրկնվեցին, ավելի ուժգին և անհանգստացնող: Նարինեն վազեց պատուհանի մոտ և տեսավ, որ զորամասի կողմում ծուխ է բարձրանում։ Որոշվեց միանգամից՝ տեղի է ունեցել հարձակման սկիզբը: Շուտով հնչեց օդային տագնապը. նոր պատերազմ էր սկսվել: Սա Նարինեի՝ 32 տարեկան կնոջ, ապրած երրորդ պատերազմն էր, սակայն այս անգամ կորուստը լինելու էր ամենացավոտը, ամենաանհատական ցավը։
Արցախյան ազատամարտի 90-ականների տարիներին Նարինեն կորցրել էր հորեղբորը, մորաքրոջ որդուն, իսկ հայրը մնացել էր հաշմանդամ։ Բայց այդ ցավը չէր համեմատվում այն հետ, ինչ պետք է ապրեր այժմ։ Հոկտեմբերի 18-ին Նարինեն լսեց ամուսնու՝ հետախույզ, մայոր Սարգիս Աղջոյանի զոհվելու լուրը։
Սեպտեմբերի 27-ի կիրակի օրը Սարգիսը, ինչպես միշտ, սափրվել էր և շտապում էր զորամաս։ Այդ օրն իր հերթապահության օրն էր։ Երեխաներին Նարինեն իջեցրել էր նկուղ, ապա վեր բարձրացել բնակարան։ «Ես ասում էի՝ Սաքո, ի՞նչ սափրվել, պատերազմ է։ Ասեց՝ Նարինե, մի խառնվի՛։ Սափրվեց ու դուրս էր գալիս։ Մուտքի մոտ սկսեցի լացել, ձեռքը բռնեց, ասաց՝ բան չի լինի, մի լացի»։ Դա նրանց վերջին հանդիպումն էր։ Նարինեի ձայնը թմրեցնող ցավով թուլանում է՝ արցունքները խեղճացնում են նրա խոսքը։
Այդ օրը Սարգիսի եղբայրը՝ Սամվելը, Երևանից եկել և Նարինեին ու երեխաներին տեղափոխել է Գյումրի՝ իրենց մորաքրոջ տուն, որտեղ Նարինեն մնացել է մինչև զոհվելու լուրը լսելը։
Ինչպես ջավախքցի Սարգիսը դարձավ հետախույզ
Սարգիս Աղջոյանը ծնվել է 1987 թվականի օգոստոսի 7-ին Նինոծմինդայի շրջանի Մեծ Արագյալ գյուղում։ Նա այնտեղ ապրել է մինչև 12 տարեկանությունը, այնուհետև ընտանիքի հետ տեղափոխվել է Նինոծմինդա։ Նինոծմինդայի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո հրաժարվել է Վրաստանի քաղաքացիությունից և ստացել ՀՀ քաղաքացիություն, որպեսզի ընդունվի և սովորի ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։

2005-2009 թվականներին նա սովորել և ավարտել է ռազմական բուհը որպես հետախույզ, անմիջապես տեղափոխվել Արցախ՝ ծառայության։ Նշանակվել է հետախուզական դասակի, հետո վաշտի հրամանատար, իսկ վերջին երկու տարիներին եղել է հետախուզական N զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական գծով տեղակալ՝ մայորի կոչումով։
Պատերազմի ժամանակ, որպես հետախույզ, Սարգիսը մեկնել է ռազմաճակատ՝ նախ Մատաղիս, հետո Հադրութ։ Հադրութի մոտ հակառակորդի հետ փոխհրաձգության ժամանակ մայոր Աղջոյանը զոհվել է՝ պարանոցին հասցված հրազենային վիրավորումից։
«Ինձ թվում էր, որ ինքը զորամասի զամպալիտն է, առաջնագիծ չի գնա։ Մինչ իր գնալն այնքան մարդիկ կան, որ պետք է գնան։ Երբ զանգում էր, ձայնը միշտ հանդարտ էր, ես էլ հանգիստ էի, որ նա զորամասում է, բայց, փաստորեն, նա առաջին գնացողների շարքում էր։ Ծառայակից ընկերը պատմեց, որ իրենց զորամասից երեք հոգի հրաժարվել է գնալ, իսկ ինքը առաջիններից մեկն էր»,- ասում է Նարինեն։
Ինչպես հանդիպեցին ջավախքցի Սարգիսն ու արցախցի Նարինեն
Ջավախքցի Սարգիսն ու արցախցի Նարինեն առաջին անգամ հանդիպել են 2010 թվականին Ստեփանակերտի եկեղեցու բակում։ Նարինեն ասում է՝ եկեղեցին միավորել է, բայց նաև բաժանել։ Ամուսնու մահվան լուրը լսել է Գյումրիի եկեղեցու բակում։ «Աստված այդպես կամեցավ, որ մեր հանդիպումն ու բաժանումը լինեն իր տան առաջ»,- հուզմունքից դժվար է արտաբերել խոսքերը։

Մամա, մի լացի, — կողքից հորդորում է Նարինեի 3-ամյա որդին։
2011 թվականի հունիսի 30-ին՝ Նարինեի ծննդյան օրը, զույգն ամուսնացել է։ Յոթ օր ու գիշեր տոնել են՝ նախ Արցախում, հետո Ջավախքում։
Նարինեն գորովանքով է հիշում ամուսնու հետ անցած 9 տարիները, չնայած մեծ դժվարություններ են հաղթահարել։ 6 տարի երեխա չունենալուց հետո նրանց սպասել են, սակայն 2016-ի քառօրյա պատերազմի նախօրեին Նարինեն կորցրել է հղիությունը։ 2017 թվականի մայիսին՝ երկրորդ ծանր հղիությունից հետո, ծնվել են երկվորյակները՝ Հովհաննեսն ու Մարիան։
«Այդ դժվարություններից հետո կարծես կյանքը սկսեց ժպտալ, ոչ մի դժվարություն չպիտի լիներ, բայց պատերազմը սկսվեց։ Կարծես կյանքը պիտի շարունակվեր, ապրեինք, վայելեինք, բայց ավարտվեց»,- ասում է Նարինեն։
Զուսպ հետախույզը և հոգատար ամուսինը
Ջավախքցի Սարգիսին բնորոշ չէր տաքարյունությունը։ Նա միշտ հավասարակշռված, զուսպ և հանգիստ էր։
Նարինեն զգում էր ամուսնու մշտական աջակցությունն ու խնամքը. նա իր մեջ միավորվել էր թե՛ ընկեր, թե՛ հայր, թե՛ մայր։ Առաջին զավակների կորստի ժամանակ հենց նրա հոգատարությունն էր, որ Նարինեին դուրս բերեց հոգեբանական ծանր վիճակից։ Նա միշտ աջակցել է կնոջ մասնագիտական աճին. Նարինեն մաթեմատիկոս է, և Սարգսի աջակցությամբ պաշտպանել է թեկնածուականը։
«Սարգիսը մեծ դեր ունի իմ կայացման մեջ։ Իմ ձեռքբերումներով շատ էր ուրախանում։ Դժվար էր երեխաների հետ Երևան գնալ ու վերադառնալ, ասում էր՝ ես երեխեքին կպահեմ, դու գնա հոդվածներներդ գրի, դիսերտացիանիդ պատրաստվիր։ Ներկա էր իմ պաշտպանությանը։ Հանձնաժողովի անդամները նկատեցին, թե ինչքան հոգատար ու ուրախ էր իմ հաջողություններով»,- պատմում է Նարինեն։

Նարինեն ասում է, որ Սարգսը, չնայած շատ սիրում էր Ջավախքը, բայց իր սիրտը նաև Արցախին էր պատկանում։ Նրանք ընտանիքի ապագան պատկերացնում էին հենց Արցախում։ Երբ բնակարան ստանալու հերթագրվելիս ընտրություն էին անում, նախապատվությունը տվեցին Արցախին։ Մեծ նպատակներ ունեին այնտեղ հող ձեռք բերել ու գործ սկսել։ Սակայն այդ նպատակները մնացին միայն հիշողություններում։
Այսօր Նարինեի նպատակներն այլ են՝ աշխատել, որ երեխաները ոտքի կանգնեն, կրթվեն և դառնան լավ մարդիկ, ինչպես ուզում էր ամուսինը։ Ապագայի մասին մտածելիս դժվարանում է պատասխանել՝ կվերադառնա՞ Արցախ, թե՞ ոչ։ «Ինչքան էլ չլինի, իմ ամեն ինչն այնտեղ է»,- ասում է նա։ Այժմ Նարինեն ապրում է Նինոծմինդայում՝ ամուսնու ծնողների տանը, որտեղ նաև հուղարկավորված է Սարգիսը։
Նարինեն խոր ցավով և զայրույթով է վերաբերվում Արցախից խլված հողերին, որոնք տրվել են հակառակորդին։ Նա չի կարող հաշտվել այն մտքի հետ, որ «ամուսնու արյան վրա թուրքն է ոտք դրել», և այդ հողերը հանձնվել են՝ այն հողը, որ նա անձնուրացաբար պաշտպանել է մինչև վերջին շունչը։

«Նոյեմբերի 9-ի պայմանագրի ստորագրման օրը զգացի այն նույնը, ինչ հոկտեմբերի 18-ին, երբ լսեցի ամուսնուս մահվան լուրը։ Մինչ այդ ասում էի՝ գոնե հաղթենք, ասեինք՝ արյան գնով հաղթանակ ունենք։ Հիմա ի՞նչ ենք ասելու…»,- ասում է Նարինեն։