Ոտնաթաթի քաղցկեղը՝ լուռ սպառնալիք, որ կարող է աննկատ անցնել.
Այն ցավը, որ թվում է ժամանակավոր, երբեմն կարող է թաքցնել լուրջ վտանգ։ Ոտնաթաթի քաղցկեղը՝ հազվագյուտ, բայց վտանգավոր ուռուցքաբանություն, կարող է հայտնվել առանց զգուշացման՝ դրսևորվելով իբրև անհասկանալի ձևախախտում կամ ուժեղ, մշտական ցավ։ Ինչպես NEWS.ru-ի հետ զրույցում նշել է Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ուռուցքաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, բժշկական գիտությունների թեկնածու Եվգենի Չերեմուշկինը, այս տեսակի ուռուցքը հաճախ մնում է ստվերում՝ մոլորեցնելով անգամ մասնագետներին։
Բանն այն է, որ ոտնաթաթի քաղցկեղի ախտանշանները կարող են կախված լինել նրանից, թե ինչ հյուսվածք է ախտահարվել, ինչպես նաև՝ ուռուցքի տեղակայությունից։ Որոշ դեպքերում հանդիպում են շատ ագրեսիվ տեսակներ՝ ոսկրային սարկոմաներ կամ օստեոգեն ուռուցքներ, որոնք արագ զարգանում են և պահանջում անհապաղ բժշկական միջամտություն։
«Կանխատեսումները կախված են բազմաթիվ գործոններից՝ ուռուցքի չափից, դրա հեռացման հնարավորությունից, ինչպես նաև քիմիաթերապիայի կամ ճառագայթային թերապիայի արձագանքից», — ընդգծում է Չերեմուշկինը։
Բայց ամենավտանգավորը այն է, որ այս հիվանդությունը կարող է երկար ժամանակ թաքնվել։ Եթե նկատում եք անբացատրելի ձևափոխություն ոտքի հատվածում, ցավեր, որոնք չեն անցնում, կամ նույնիսկ փոքրիկ սև գծեր կամ բծեր եղունգի տակ՝ մի անտեսեք։ Այս փոքրիկ նշանները կարող են ազդարարել լուրջ խնդրի մասին։
Բժիշկը հորդորում է՝ եթե նման ախտանիշները պահպանվում են մեկ ամսից ավելի, մի հապաղեք այցելել մասնագետի։ Ոտնաթաթի քաղցկեղը գուցե հազվադեպ է, բայց շուտ հայտնաբերման դեպքում այն հաղթահարելի է։