Պայծառ լույսեր, համբույրներ ու աղմուկ․ ինչ մթնոլորտում կայացավ «Թանկարժեք տղաները» պրեմիերան

Պարզվում է՝ «թանկարժեք տղաներ» դառնալու համար ոչ թե հսկայական կարողություն է պետք, այլ… կյանքի մի փոքր խառնաշփոթ։ Բավական էր ծննդատանը մի փոքր շփոթություն, և երկու նորածիններ հայտնվեցին միմյանց ընտանիքներում՝ բացելով պատմության այն դուռը, որից էլ սկսվում է Արշալույս Հարությունյանի «Թանկարժեք տղաները»։ Տարիներ անց ճշմարտությունը բացվում է ամենաանսպասելի ու զավեշտալի ձևով՝ փոխելով երկու ընտանիքների ճակատագրերը։

Հարուստ, ապահովված, ճաշակով ապրող Սյուզան և Բաբկեն Դարբինյանները (Լուիզա Ներսիսյան, Խորեն Լևոնյան) իրենց որդի Սամվելի (Ալեքսանդր Արզումանյան) հետ հանկարծ բախվում են մի իրականության, որում կան նրանք՝ և՛ իրենց որդին, և՛… իրենց որդի ոչ իրենց որդին։

Մյուս կողմում՝ դժվար պայմաններում ապրող, պարտքերի տակ ճզմված, բայց միասնությամբ ուժեղ Սիրարփի և Մովսես Դարբինյանները (Թամարա Պետրոսյան, Մկրտիչ Արզումանյան) ու նրանց տղա Ավետիքն են (Սուրեն Ղազարյան)։ Երկու ընտանիքները ստիպված են անցնել փորձությունների միջով, վերարժևորել իրենց կյանքը, հարազատությունը և այն, ինչ մինչ այդ համարել էին սովորական ու անցողիկ։

Տարբեր սոցիալական միջավայրերից եկող այս ընտանիքները հանկարծ հայտնվում են նույն պատմության մեջ։ Նրանց սկզբունքները, արժեքներն ու մտածելակերպը երբեմն միանգամայն հակադիր են, բայց մի ուժ կա, որից չես կարող խուսափել՝ ծնող լինելը։ Եվ հենց այդ միասնական հուշվածքն է, որ դանդաղորեն կապում է նրանց։

«Ֆիլմի ուղերձներն ինձ համար թանկ ու շատ նուրբ են»

Փորձառու ռեժիսոր Արշալույս Հարությունյանի համար հանդիսատեսի արձագանքը միշտ առանձնահատուկ փորձություն է։ Պրեմիերայից հետո նա անկեղծացավ, որ ամենակարևոր պահերին դահլիճի տաք արձագանքը իրեն վստահություն է տվել՝ ասելիքը հասել է նպատակին։

«Սա չէ միֆիկացված կատակերգություն։ Սա բարի, ընտանեկան պատմություն է՝ նուրբ շերտերով։ Մենք խոսում ենք ծնողների և երեխաների հարաբերություններից, բանակ գնալուց, անելանելի իրավիճակներից ելք գտնող մարդկանց մասին։ Հերոսների շարժառիթները ճանապարհի ընթացքում փոխվում են, և հենց դա է մեր հիմնական ասելիքը»։

Ռեժիսորի համար այս ֆիլմը նաև մասնագիտական նոր փորձ էր՝ սեփական հնարավորությունները լարելու,ուց մեջ ավելի խորն ընկղմվելու և նոր ձևեր փորձելու առիթ։

«Արշոն ոչ միայն կադրի տերն է, այլև՝ կադրում գտնվող մարդկանց հոգեբանության»

«Թանկարժեք տղաներ» ֆիլմի պրեմիերային երկու հայրերը՝ Խորեն Լևոնյանն ու Մկրտիչ Արզումանյանը, չկարողացան ներկա լինել՝ դեպքերի բերումով։ Իսկ Լուիզա Ներսիսյանը, ով մարմնավորում է Լևոնյանի կին կերպարը, մեծ սիրով էր պատմում նկարահանման օրերից։

Նա ընդգծեց Արշալույս Հարությունյանի առանձնահատկությունը՝ դերասաններին ոչ միայն ուղղորդել կադրում, այլև խորապես վերլուծել նրանց հոգեբանական վիճակներն ու շարժառիթները։

«Նա ամեն կերպարը հերթով մարմնավորում է, բացատրում, թե ինչ են նրանք զգում այդ պահին։ Այդ մանրակրկիտ մոտեցումը եզակի է։ Նա իսկապես տիրապետում է թե՛ կադրին, թե՛ կադրի հետևում գտնվող հոգեբանությանը»։

Դերասանուհին հիշեց նաև Տոլստոյի խոսքերը՝ «Բոլոր երջանիկ ընտանիքները նման են իրար, յուրաքանչյուր դժբախտ ընտանիք դժբախտ է յուրովի»՝ ընդգծելով, որ ֆիլմի երկու ընտանիքներն էլ ունեն յուրահատուկ խնդիրներ ու լուծումներ։

Նրա խոսքով՝ ֆիլմում մարդկային հարաբերությունների ամենաբարակ գիծն է երևում՝ երբ տարբեր աշխարհներից եկող մարդիկ միավորվում են մեկ գաղափարի շուրջ՝ ծնողական սերն ու պատասխանատվությունը։

«Ֆիլմը գնահատելու մասին է»

18-ամյա Սամվել Դարբինյանին մարմնավորող Ալեքսանդր Արզումանյանը պատմեց, որ իր կերպարը սկզբում մի փոքր երես առած է, բայց հստակ զարգացման ուղի ունի։ Ֆիլմը նրան հնարավորություն է տվել աշխատելու նոր դերասանների հետ և կրկին՝ իր հոր՝ Մկրտիչ Արզումանյանի հետ։

Նա պատմեց նաև նկարահանման հրապարակում հոր հետ տարբեր աշխատելաոճերի մասին․
«Ես էներգիայով լի եմ ու սիրում եմ տարբեր գործերի մեջ խառնվել, իսկ հայրիկը շատ լուրջ է կենտրոնանում իր դերի վրա։ Մի անգամ նույնիսկ ինձ զգուշացրին՝ “Ալիկ, դու քո գործը արա, մնացածի համար մասնագետներ կան”»։

Սուրեն Ղազարյանը նույնպես բարձր գնահատեց համագործակցությունը՝ նշելով, որ շատ բան է սովորել փորձառու դերասաններից։

«Ֆիլմի գլխավոր ուղերձը հստակ է՝ գնահատել այն, ինչ ունես։ Անկախ ֆինանսական հնարավորություններից, եթե կողքիդ կանգնած են սիրող մարդիկ, արդեն իսկ շատ բան ունես»։

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի