Արցախի գրողների միության անդամ, լրագրող Նվարդ Ավագյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հրապարակել է գրառում, որը դարձել է հիշողության, կորստի և անանց ցավի լուռ վկայություն։
«Այս լուսանկարը համեմատաբար վաղուց է արված։ Ձախից աջ առաջինը՝ ձեր խոնարհ ծառան է։ Ճանաչողները, վստահ եմ, առանց իմ բացատրության էլ կնկատեին՝ եթե համբերեին ու լուսանկարը ամբողջությամբ բացեին։
Այն երկու-երեք օր առաջ Արցախի բանաստեղծուհի Սոնա Համբարձումն էր տեղադրել այն՝ Պոեզիայի օրվա առիթով։ Բայց լուսանկարը տեսնելուն պես սիրտս, մոռանալով օրվա խորհուրդը, փոխանակ լցվեր համապատասխան զգացմունքով, սեղմվեց ու կծկվեց այնպես, որ զարկերակս անցավ անկանոն, առկայծուն ռիթմի։
Պատճառը նույն շարքում աջից ձախ երկրորդը կանգնած երիտասարդն էր՝ գյուղական ուսուցիչ, շնորհաշատ երիտասարդ բանաստեղծ Հայասեր Հովսեփյանը։ Նա մեր գրական հանդիպումներին դեռ միջանցքից էր ներս բերում արցախյան գյուղի յուրահատուկ «համն ու հոտը»՝ իր բառուբանով, իր պարզությամբ, իր անկեղծությամբ։
Հայասերը զոհվեց 44-օրյա պատերազմում։ Նա նահատակվեց՝ դառնալով Արցախի գրական օջախի վերջին երեք տասնամյակների երկրորդ նահատակը։ Առաջինը Կոմիտաս Հակոբյանն էր, որը զոհվեց Առաջին՝ հաղթական պատերազմում։
Նրանք նահատակվեցին հանուն մեր ընդհանուր Հայրենիքի և նրա պատմական ու օրգանական մասը կազմող Արցախի, որի ավելի քան 75 տոկոսն այսօր, ավաղ, դավաճանության հետևանքով գտնվում է թշնամու ձեռքում։
Սակայն ոչ մի պարտություն, առավել ևս՝ գաղտնի նախագծված ու պարտադրված, չի կարող հազարավոր զոհված տղաների արյունը վերածել ջրի։ ՉԻ ԿԱՐՈՂ։
Հայասե՛ր, սիրելի՛ տղա, Պոեզիայի օրը այս անգամ դու մեզ հետ չէիր, բայց քո բացակայությունը միայն ֆիզիկական էր։ Հոգով դու միշտ մեզ հետ ես ու կլինես։ Մենք քեզ հիշում ենք և կհիշենք՝ ինչպես տասնամյակներ շարունակ չենք մոռանում Կոմիտասին… և մեր բոլոր նահատակներին»։

ՀԱՅԱՍԵՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ես մի զարկը չեմ քո բազկի,
Հայրենի՛ք.
ես հենց քո զոր բազու՛կն եմ այն,
որով հազա~ր զարկ պիտի տաս ոսոխիդ…
Ես կառչել եմ այս հողին իմ գոյությամբ,
Ինչպես ծառն՝ իր արմատներով,
Ինչպես քարն՝ իր ծանրությամբ,
Եվ համբուրում եմ նրա մեջ այն արյունը,
Որ այս երկրի փրկության համար
Թափվում է հայ զինվորի սրտից…»