Ծառուկյանն ու Գաբրիելյանը՝ «Մարդամեկ»-ի մասին, որը միայն սկեսուրը չէ

Ընտանեկան սիթքոմ, որտեղ մեկ հարկի տակ ապրում են երեք որդիները, նրանց հարսը, աղջիկը, ինչպես նաև սկեսուրն ու սկեսրայրը։ Մի տուն, որտեղ ամեն օր բախվում են սերունդները, բնավորությունները և պատկերացումները «ճիշտ ընտանիքի» մասին։

Այստեղ, ինչպես շատ հայկական ընտանիքներում, հարսն ու սկեսուրը երբեմն վիճում են, երբեմն մրցակցում, երբեմն էլ պարզապես փորձում են ապացուցել՝ ով է տան իրական «տերը»։

Որդիներից մեկը երազում է կնոջ հետ առանձին ապրել, սակայն այդ երազանքը մշտապես բախվում է անսպասելի խոչընդոտների։ Մյուսը միշտ զբաղված է, բայց թե կոնկրետ որտեղ ու ինչով է աշխատում, ընտանիքում ոչ ոք վստահ չգիտի։ Իսկ տան ամենափոքրը, ինչպես ասում են, «ամենաջրիկն» է՝ մշտապես արկածների ու զավեշտալի իրավիճակների մեջ։

Այս ամենը համեմված է թեթև, երբեմն՝ գրոտեսկին հասնող հումորով։ Սակայն որքան էլ վեճերը շատ լինեն, այս ընտանիքում կա մի անփոփոխ կանոն․ վերջում խաղաղությունն ու միասնականությունը միշտ հաղթում են։ Հենց այս գաղափարի շուրջ է կառուցված ընտանեկան «Մարդամեկը» սիթքոմը։

N.Y-I.ru-ը զրուցել է դերասան-ամուսիններ Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի հետ։ Ծառուկյանն այս նախագծում առաջին անգամ հանդես է գալիս ոչ միայն որպես դերասան, այլև որպես պրոդյուսեր։

«Սիթքոմը մեզ համար նաև փորձություն էր»

— Միհրան, ինչո՞ւ որոշեցիք նկարահանել ընտանեկան սիթքոմ։

Երկար ժամանակ հրաժարվում էինք նկարահանումներից, որովհետև ուզում էինք իսկապես նոր բան անել։ Այս նախագիծը նաև լավ առիթ էր մեզ փորձելու պրոդյուսերական դաշտում։ Սցենարի հեղինակը Հայկ Ալեքյանն է, որը սոցիալական ցանցերում ընտանեկան հարաբերությունների մասին բլոգ է վարում և ունի մեծ լսարան։

Նրան միացան Մոսո Կարապետյանն ու Սարգիս Կալպակյանը՝ մարդիկ, որոնք լավ տիրապետում են սիթքոմի լեզվին և գիտեն, թե ինչպես ստեղծել հումոր, որը կլինի զվարճալի, բայց ոչ գռեհիկ, թեթև, բայց լիարժեք եթերային։

«Ռիսկ կար, բայց արժեր»

— Այսօր սիթքոմներ շատ են նկարահանվում, իսկ ձեր զույգը հայտնի դարձավ հենց սիթքոմից։ Մտավախություն չունեի՞ք, որ դժվար կլինի տարբերվել։

Ռիսկ, իհարկե, կար։ Բայց սցենարիստներից երկուսը նոր են ու չունեն ստեղծագործական լճացում։ Երբ նույն ձևաչափով երկար ես աշխատում, մի պահ միտքն ուղղակի կանգ է առնում։ Իսկ այստեղ՝ թարմ մտածողություն կար։ Դատելով հանդիսատեսի արձագանքներից՝ կարող եմ ասել, որ սիթքոմը սիրվել է, ինչի համար շատ շնորհակալ ենք։

«Այս ընտանիքում բոլորը «մարդամեկ» են»

— Իսկ ո՞վ է «մարդամեկը»։

Սցենարով սկզբում դա սկեսուրն էր, բայց կերպարների զարգացման ընթացքում պարզ դարձավ, որ այս ընտանիքում յուրաքանչյուրը կարող է «մարդամեկ» լինել։ Եվ դա, կարծում եմ, շատ իրական է։

Դերասանական կազմը՝ կարոտած դեմքեր ու նոր բացահայտումներ

— Արփի, ինչպե՞ս եք ընտրել դերասանական կազմը։

Առաջնորդվել ենք մի քանի սկզբունքով․ ներգրավել դերասանների, որոնց հեռուստադիտողը վաղուց չէր տեսել, ինչպես նաև բացահայտել նոր անուններ։ Օրինակ՝ Դիանա Զաքարյանի համար սա առաջին մեծ նախագիծն է։ Երեք երեխաների հոր՝ Սամվելի կերպարում միանգամից պատկերացրել էինք Լևոն Հարությունյանին։

Սկեսուրի կերպարի համար երկար էինք որոնում դերասանուհի․ ուզում էինք, որ կերպարը լինի ոչ միայն կենցաղային, այլ նաև ժամանակակից ու ավանդականի համադրություն։ Ընտրությունը կանգ առավ Իրինա Դանիելյանի վրա, և պարզվեց՝ ճիշտ էինք զգացել․ հանդիսատեսը նրան շատ էր կարոտել։

Շենքերի բակերի «ամեն ինչ իմացող» վաճառողուհու կերպարը մարմնավորում է Ջուլիետա Բաբայանը։ Իսկ իմ կերպարը, կարելի է ասել, հարսների ձայնն է․ հարսներ, որոնք երբեմն լռում են, երբեմն՝ վիճում, երբեմն էլ չեն կարողանում զսպել հույզերը։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր հարս այստեղ կգտնի իրեն։

Հյուրեր և անակնկալներ

— Սիթքոմում հյուրեր էլ կա՞ն։

Այո՛, «Մարդամեկը» միշտ բաց է հյուրերի համար։ Առաջին սերիայում մասնակցեցին ճանաչված երգիչներ, իսկ երկրորդ եթերաշրջանում սպասվում են նոր, հետաքրքիր դեմքեր։

«Եթերային լեզուն մեզ համար սկզբունքային էր»

— Միհրան, դժվար չէ՞ միաժամանակ լինել կադրի երկու կողմում։

Դժվարություններ կան, բայց հաղթահարելի են։ Երկար տարիներ հեռուստատեսությունում եմ աշխատել և լավ գիտեմ գործիքները։ Ինձ համար սա մեծ փորձ է։

Սկզբում շատ էինք քննարկում լեզվի հարցը․ չէի ուզում գռեհկություն, որը պարզապես կծիծաղեցնի, բայց չէի էլ ուզում չափազանց գրական խոսք։ Լեզուն պիտի լիներ կենդանի, խոսակցական ու բնական։

Ինչ սպասել առաջիկայում

Առանց շատ փակագծեր բացելու՝ ասեմ, որ վերջին սերիաներում անսպասելի զարգացումներ են լինելու։ Տարեվերջին մեր հանդիսատեսին մի լավ նվեր ենք պատրաստում՝ անկեղծ ծիծաղի տեսքով։ Իսկ հետո արդեն՝ երկրորդ եթերաշրջան։

Զրուցեց՝ Արմինե Գևորգյան / Bravo.am
Լուսանկարները՝ «Մարդամեկ»-ի արխիվից