Ճանաչենք մեր հերոսներին. Երբ խոսքեր պետք չէին․ գեներալը իր ժամացույցը տվեց կամավորին

Չարենցավանի զինկոմիսարիատում մոտ երկու հարյուր կամավոր շարք էին կանգնել։ Լուռ, սեղմված, բայց ներսից՝ արդեն մարտի մեջ։ Գեներալը մոտեցել էր, նայել աչքերին ու հարցրել՝ ո՞նց են տրամադրված։ Մի պահ լռություն էր կախվել, ապա շարքերից մեկը դուրս էր եկել առաջ ու հստակ պատասխանել էր՝ մարտական։ Այդ մի բառի մեջ կար ամեն ինչ՝ պատրաստակամություն, գիտակցում, վճռականություն։

Քիչ անց բարձրաստիճան սպան մոտեցել էր նրան, ժամացույցը հանել ձեռքից ու, առանց ավելորդ խոսքերի, նվիրել կամավորին։ Ոչ որպես առարկա, այլ որպես հարգանքի նշան։ Որպես վստահություն։ Որպես զինվորական պատվի լուռ խոստում։

Այս պատմությունը զոհված Գեղամ Սարգսյանի ծնողներին փոխանցել են նրա մարտական ընկերները։ Իսկ ժամացույցն այսօր դրված է Գեղամի լուսանկարների կողքին։ Այն այլևս ժամանակ չի հաշվում․ այն պահում է հիշողություն։

Միհարկանի տան դարպասներին ամրացված է եռագույնը։ Դրոշը տեղադրել են Գեղամի մարտական ընկերները։ Նրա մասին պատմությունը չի աղմկում, չի ճչում․ այն հանգիստ է լցվում հյուրասենյակ-միջանցք, նստում պատերին, առաստաղին, ամեն անկյունին։ Փոքր ու ցածր առաստաղով սենյակը թվում է բաց արկղ, որտեղ հավաքված են Գեղամի կյանքը հիշեցնող նույնիսկ ամենափոքր դետալները։ Եվ դրանցից յուրաքանչյուրը դարձել է խորհրդանիշ։

Սենյակի անկյունում՝ Գեղամի մեծ ու փոքր լուսանկարները։ Շագանակագույն կազմով ալբոմը՝ Հայաստանի զինանշանով։ Մայրը՝ Լուսինե Սարգսյանը, վերցնում է ժամացույցը։ Գոտին կտրված է։ Ձեռքերը դողում են։

«Սա գեներալի նվիրած ժամացույցն է»,— ասում է նա, և այդ մի նախադասությունից նրա ձայնը խզվում է։ Աչքերը կարմրում են։ Լացը չի թաքցնում։ Որդու կորստից հետո այն չի էլ դադարել։ Մեր զրույցի ամբողջ ընթացքում Լուսինեն անընդհատ սրբում է աչքերը։ Այդ պահին բառերը դառնում են անիմաստ, հարցերը՝ ավելորդ։ Եվ մենք լռում ենք։ Լռում ենք ցավից։

«Էդ ժամացույցն իր հետ է եղել»,— ասում է հայրը՝ Աշոտը։
«Խրամատ էին փորում, տղերքը անընդհատ ժամ էին հարցնում։ Շղթան փորելուց էր պոկվել։ Գեղամը հանել է ժամացույցը, գցել տղերքին ու ասել՝ էս պահեք, էլ ինձնից ժամ չհարցնեք»։

Լուսինեն Գեղամի նկարների մոտից վերցնում է մի փամփուշտ ու պարզում մեզ։ Այն էլ իր պատմությունն ունի։
«Մագազինը լցնելիս էր լինում։ Մեկ հատ ավելանում է։ Ասում է՝ Արծրուն, էս պահի, հետո կտաս»։
Եվ ժամացույցն ու այդ փամփուշտը հենց Արծրունն է բերել։ Հայրը պատմելիս մի կետի է նայում։ Ցավը նրա դեմքին քարացել է։

«Էստեղ մի դանակ էլ կա»,— շարունակում է Աշոտը։
«Զինակից ընկերոջինն էր։ Ասել էր՝ որ գնանք տուն, քեզ դանակ կտամ։ Ինքն էլ զոհվեց։ Նրա եղբայրն էր բերել դանակը, ասաց՝ սա Գեղամինն ա»։

Գեղամը երկու եղբայրներից ավագն էր։ 28 տարին լրացել էր հոկտեմբերի 27-ին։ Նույն օրը պաշտպանության նախարարությունը նրա անունը հրապարակեց զոհվածների ցուցակում։ Կյանքի ու մահվան սահմանը անցավ հենց այդ օրով։

Սեպտեմբերի 29-ին զանգել էր մորը ու խնդրել՝ տաքսի նստի, տուն գնա։ Պատերազմի մասին չէր ասել։ Լուսինեն հիշում է վերջին գրկախառնությունը, վերջին համբույրները։ Այդ օրը որդին խնդրել էր ևս մեկը։ Մայրը չէր հասկացել՝ ինչու։

Դա վերջին հանդիպումն էր։ Հաջորդ օրը մայրը իմացավ, որ որդին կամավորագրվել է։ Մինչ այդ միայն զգացել էր։ Սիրտը գիտեր։

Պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, Գեղամը ներկայացել էր զինկոմիսարիատ։ 28-ին՝ այնտեղ, որտեղ գեներալը նրան նվիրել էր իր ժամացույցը։ Մի քանի օր անց՝ Ջաբրայիլ։

Հոկտեմբերի 6-ի լույս գիշերը անձրևոտ էր։ Մառախուղի մեջ սկսվել էր հարձակումը։ Գեղամենց ստորաբաժանումը ժամերով դիմադրել էր։ Երբ իրավիճակը հանդարտվել էր, նա ասել էր՝ գնամ տեսնեմ կողքի դիրքի տղերքը ոնց են։ Գնաց։ Եվ այլևս չվերադարձավ։

Լուսինեն ամեն օր եկեղեցի էր գնում։ Այդ օրը էլ այնտեղ էր, երբ Գեղամը զանգել էր։ «Մամ, էլի եկեղեցո՞ւմ ես»։ Հետո զանգել էր հորը․ «Պապ, մորս լավ կնայես»։

Հոկտեմբերի 9-ին Լուսինեն իմացավ ճշմարտությունը։ Ժամանակը կանգ առավ։ Ոչ միայն լուսանկարներում, այլ նրա ամբողջ կյանքում։

Գեղամը մաքրասեր էր նույնիսկ մարտի դաշտում։ Նրա զենքը միշտ փայլում էր։ Մարտական ընկերները ծնողներին ասել էին՝ զենքերից ճանաչում էին հենց Գեղամինը։ Նա պարտք ուներ հայրենիքին։ Եվ նա այդ պարտքը վճարեց մինչև վերջ։