Ճանաչենք մեր հերոսներին. «Գիտեմ, որ զոհվել է, բայց միշտ սպասում եմ իրա զանգին, գալուն»․ երբևէ չսիրած սև գույնը և վիշտը դարձել են Լուսինեի ուղեկիցը որդու կորստից հետո

Անմահ Հերոսի Մայրը

Լուսինե Սարգսյան՝ մայր, որի սիրտը դեռ սպասում է հրաշքի, բայց ապրում է որդու անմահությամբ

58-ամյա Լուսինե Սարգսյանը կյանքում սև գույնը երբեք չի սիրել։ Նա միշտ ընտրել է լույսը, գույները, կյանքը… Մինչև այն օրը, երբ նրա սիրտը ծակեց ամենածանր կորուստը։ Այսօր նա միայն սև է հագնում՝ որպես վկայություն անվերջ սգի, բայց նաև որպես հպարտության և անմահ հիշատակի խորհրդանիշ։

«Գիտեմ, որ զոհվել է… բայց իմ սիրտը մինչ օրս սպասում է իր զանգին, իր քայլերին դռան մոտ…
Էս դիմանալու բան չէ, բայց ես դիմանում եմ… նրա համար, նրա անունով…»

Հերոսը՝ Աշոտ Խոմով Սարգսյան

Նրա որդին՝ 19-ամյա Աշոտ Խոմով Սարգսյանը, դարձավ 44-օրյա պատերազմի անմահ հերոսներից մեկը։ Նա կռվել է անզիջումորեն՝ Ջրականում, Կարմիր շուկայում, Հադրութում, Ֆիզուլիում։ Նրա վերջին մարտը եղել է 2020 թվականի հոկտեմբերի 23-ին՝ Վարանդայում (Ֆիզուլի)։

Մայրը հպարտությամբ և արցունքներով պատմում է.

«Աշոտս Ջրականում 4 օր անընդհատ պահել է դիրքերը։ Հետո մենակ պայթեցրել է հակառակորդի զրահատեխնիկան, դիմակայել է ԱԹՍ-ի հարվածներին…
Մարտի դաշտում իրեն լեյտենանտի կոչում են տվել։ Իմ որդին հերոս էր… իսկական հերոս։»

Վերջին զանգը՝ հրաժեշտը

Հոկտեմբերի 23-ին՝ զոհվելու օրը, Աշոտը զանգել է մորը։ Կրակի, պայթյունների մեջ նա հանգիստ ձայնով հրաժեշտ է տվել։

«Երկար խոսեցինք… Կրակում էին ամենուրեք։ Ասում եմ՝ ի՞նչ վիճակ ա, ասում է՝ մերոնք են, մի վախեցիր, մամ…
Զգացի՝ ուզում է ինչ-որ բան ասել, բայց չի ասում։ Ասում եմ՝ ասա՛, որդիս… Ասում է՝ է՛հ, չէ՛…
Հետո զանգել է եղբորը և ասել. «Էլ չեմ գալու… մամայիս լավ կնայեք»։»

Հրամանատարությունը հրամայել է գնալ հենակետերը ստուգելու։ Աշոտը գիտեր՝ վտանգավոր է։ Ասել է.

«Թող մութն ընկնի, նոր գնամ… ինձ խփելու են»։
Բայց հրամանը հրաման էր։ Նա գնաց։ 200 հոգանոց շրջափակման մեջ՝ մենակ գնաց կատարելու հրամանը։ Սնայպերը խփեց նրան… Բայց նա չհանձնվեց մինչև վերջ։

Մոր ուժը և ցավը

Հաջորդ օրը ընտանիքը իմացավ, բայց ոչ ոք չէր համարձակվում ասել Լուսինեին։ Վախենում էին՝ չդիմանի։ Բայց նա դիմացավ։

«Ինձ ասացին, երբ բերեցին եկեղեցի… Չգիտեմ ինչպես, բայց դիմացա ու ապրում եմ… նրա համար, նրա անունով։»

Աշոտը զուսպ էր, քչախոս, ինքնամփոփ, բայց ներսում՝ հսկայական ուժ։ Զբաղվում էր կարատեով, բազմաթիվ մեդալների ու պատվոգրերի արժանացել։ Մինչ բանակ գնալը՝ առևտուր էր անում, կանաչեղեն վաճառում, երազում էր գալ, բիզնեսը զարգացնել, տուն առնել, ընտանիք կազմել…

«Ես իմ Աշոտին եմ ուզում… մյուս որդիներս կան, բայց Աշոտի տեղը ոչ ոք չի լրացնի։ Ես իմ հերոսիս եմ սպասում…»

Աշոտ Խոմով Սարգսյանը հետմահու արժանացել է «Արիության համար» մեդալի։
Հուղարկավորված է Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքում։

Նա չի մեռել։ Նա ապրում է մոր աչքերում, ժողովրդի հիշողության մեջ, Հայաստանի սահմաններում։
Հերոսները չեն մեռնում։ Նրանք պարզապես տուն են վերադառնում՝ այլ ձևով։

 

Արփինե Արզումանյան