Դերասանուհի Աննա Մանուչարյանը, որն արդեն երկու տարի է՝ բնակվում է ԱՄՆ-ում, սիրով է վերադարձել նկարահանման հրապարակ՝ իր ստեղծագործական ճանապարհի նոր ու կարևոր փուլով։ Այս անգամ նա առաջին անգամ մարմնավորում է գլխավոր հերոսուհուն «Վերջին վկան» բազմասերիանոց ֆիլմում, որտեղ խաղում է երգիչ Վաչե Ամարյանի հետ։
NEWS.am STYLE-ի հետ զրույցում դերասանուհին բացել է իր կյանքի մի քանի կարևոր էջեր՝ խոսելով նոր նախագծի, ԱՄՆ-ում իր առօրյայի, դստեր՝ Մալենայի հետ հարաբերությունների և գեղեցիկ կանանց շուրջ ձևավորված կարծրատիպերի մասին։
Առաջին գլխավոր դերը՝ երկար սպասված վերադարձից հետո

Երկար ժամանակ հեռու լինելով հայկական նկարահանման հրապարակներից՝ Աննա Մանուչարյանը խոստովանում է, որ այդ ստեղծագործական մթնոլորտը նրան չափազանց շատ էր պակասում։ Երբ ստացավ առաջարկը մասնակցելու «Վերջին վկան» բազմասերիանոց ֆիլմին, դերասանուհին առանց երկար մտածելու համաձայնեց։
«Երբ US Armenia հեռուստաընկերության կողմից առաջարկ ստացա «Վերջին վկան» բազմասերիանոց ֆիլմում ստանձնելու գլխավոր հերոսուհու՝ Սոնայի կերպարը, իսկապես շատ ուրախացա։ Ես երկար ժամանակ կարոտել էի նկարահանման ընթացքը, թիմային աշխատանքը, այն յուրահատուկ զգացողությունը, երբ պատմություն ես ստեղծում տեսախցիկի առաջ»,- պատմում է դերասանուհին։
Աննան մարմնավորում է Սոնա անունով մի կնոջ, որի կյանքում հանկարծ սկսվում են բարդ ու խճճված իրադարձություններ։ Նրա խաղընկերը երգիչ Վաչե Ամարյանն է, որի կերպարը հայտնվում է անհեթեթ և խիստ բարդ իրավիճակում՝ սկսելով խաբել իր սիրելիին։
«Սկզբում ամեն ինչ կարծես պարզ է թվում, բայց պատմությունը գնալով ավելի է բարդանում։ Կծիկը գնալով մեծանում է և վերածվում իսկական խառնաշփոթի։ Սոնան ուժեղ կին է՝ խելացի, սիրող, մեծահոգի։ Նա համբերատար է, բայց նաև երբեմն խանդոտ ու բռնկուն։ Նրա ճանապարհին շատ փորձություններ են լինում, և հաճախ նա կանգնում է դժվար ընտրությունների առաջ։ Սակայն վերջում միշտ հաղթում է սիրտը»,- ասում է դերասանուհին։
Աննայի խոսքով՝ կերպարը շատ առումներով իրեն հոգեհարազատ է, թեև կա մի բան, որը երբեք չէր ցանկանա կրկնել իրական կյանքում։
«Ինձ շատ մոտ է նրա ուժեղ ու խելացի լինելը։ Բայց անկեղծ ասած՝ չէի ցանկանա այդքան խաբված լինել»,– ժպիտով հավելում է նա։
«Գլխավոր դերը երբեք առաջնահերթություն չի եղել»

Չնայած այն հանգամանքին, որ սա նրա առաջին գլխավոր դերն է հեռուստանախագծում, Աննա Մանուչարյանը տարիների ընթացքում հասցրել է ստեղծել բազմաթիվ հիշվող կերպարներ թե՛ սերիալներում, թե՛ թատրոնում։ Շատերի համար նույնիսկ զարմանալի է, որ դերասանուհին մինչ այժմ գլխավոր հերոսուհու դեր չէր խաղացել։
Սակայն հենց Աննայի համար գլխավոր կամ երկրորդական լինելը երբեք սկզբունքային հարց չի եղել։
«Իհարկե շատ ուրախ եմ, որ սա իմ կյանքի առաջին գլխավոր կերպարն է։ Բայց եթե ընտրելու լինեմ գլխավոր դերի և շատ ավելի խարիզմատիկ երկրորդական կերպարի միջև, անկեղծ ասած՝ կընտրեմ երկրորդը։ Ինձ համար ամենակարևորն այն է, որ կերպարը առաջին իսկ պահից գրավի ինձ, դառնա հետաքրքիր ու կենդանի։ Իսկ գլխավոր լինելը կամ չլինելը այնքան էլ կարևոր չէ»,- ասում է դերասանուհին։
Նկարահանման հրապարակում՝ հումորով և երաժշտությամբ

Աննայի համար նկարահանման գործընթացում ամենակարևոր պայմաններից մեկը ստեղծագործական առողջ մթնոլորտն է։ Նրա խոսքով՝ «Վերջին վկան» նախագծում հենց այդպիսի միջավայր է ձևավորվել։
Վաչե Ամարյանի հետ համագործակցությունը, դերասանուհու խոսքով, շատ հեշտ ու բնական է ստացվել։ Ավելին՝ պարզվել է, որ երկուսն էլ Սյունիքից արմատներ ունեն, ինչը միանգամից ստեղծել է մտերմության զգացում։
«Մենք շատ բաներով նման ենք՝ և՛ հումորի զգացումով, և՛ երաժշտության հանդեպ սիրով։ Նկարահանման հրապարակում մշտապես ծիծաղ էր, հումոր, երբեմն նաև երաժշտություն։ Վաչեն շատ դրական մարդ է, երբեք խնդիրներ չի ստեղծում, հակառակը՝ միշտ փորձում է, որ բոլորը լավ տրամադրություն ունենան»,- ասում է Աննան։
Կյանքը ԱՄՆ-ում

Վերջին երկու տարիներին դերասանուհին բնակվում է Միացյալ Նահանգներում։ Նրա տեղափոխության հիմնական պատճառը դստեր՝ Մալենայի գործունեությունն է, որն ակտիվորեն զարգացնում է իր երաժշտական կարիերան։
«Արդեն երկու տարի է՝ այստեղ եմ։ Ունեմ ընկերներ, ինձ մենակ չեմ զգում։ Եղանակը հրաշալի է, և ժամանակի ընթացքում սկսել եմ հարմարվել այս կյանքին, նույնիսկ սիրել այն։ Շատ ուրախ եմ, որ «Վերջին վկան» ֆիլմի շնորհիվ կարողանում եմ նաև զբաղվել իմ մասնագիտությամբ»,- պատմում է նա։
Միևնույն ժամանակ դերասանուհին անկեղծորեն խոստովանում է, որ Հայաստանը մշտապես իր մտքում ու սրտում է։
«Շատ եմ կարոտում Հայաստանս, տունս, ընտանիքս, Լունծիկիս, թատրոնս, ռադիոս։ Սիրտս ու միտքս միշտ այնտեղ են։ Բայց կյանքի այս փուլը պետք է հենց այսպես ապրեմ»։
«Շատ կուզեի նորից խաղալ բեմում»
Թատրոնը Աննա Մանուչարյանի կյանքի ամենասիրելի մասերից մեկն է, և նա չի թաքցնում, որ բեմ վերադառնալը նրա մեծ երազանքներից մեկն է։
«Հիմա դա ինձ համար իսկական երազանք է դարձել։ Շատ կուզեի նորից խաղալ բեմում։ Այստեղ ցուցադրվող գրեթե ոչ մի ներկայացում բաց չեմ թողնում, գոնե այդպես փորձում եմ լրացնել բեմի կարոտը»,- ասում է դերասանուհին։
Մալենայի հետ՝ մայր և ընկեր

Դերասանուհու կյանքի ամենակարևոր մարդկանցից մեկը դուստրը՝ երգչուհի Մալենան է, ով 2021 թվականին ներկայացրեց Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում» և դարձավ մրցույթի հաղթողը։
Աննան ասում է, որ իրենց հարաբերությունները կառուցված են վստահության և փոխադարձ հարգանքի վրա։
«Ես երբեք խիստ մայր չեմ եղել։ Անգամ առիթ չեմ ունեցել։ Լիովին հասկանում եմ նրա տեսակը, հարգում եմ նրա ցանկությունները և չեմ խանգարում։ Նա շատ նպատակասլաց է և հստակ գիտի, թե ուր է գնում»,- ասում է նա։
Դերասանուհին նաև խոստովանում է, որ երբեմն հիանում է դստեր աշխատասիրությամբ։
«Երբեմն մտածում եմ՝ երանի ես էլ նրա տարիքում այդքան մեծ երազեի և այդքան համառորեն գնայի իմ երազանքի հետևից»։
Կիրակիները՝ միայն մայր ու դուստր
Չնայած զբաղված առօրյային՝ նրանք փորձում են միասին անցկացվող ժամանակը դարձնել առանձնահատուկ։
«Երբ երկուսս էլ տանն ենք, ֆիլմեր ենք նայում, պոդքաստներ լսում, քննարկում ենք ամենատարբեր թեմաներ՝ մեր երազանքներից մինչև Աստված ու Հայաստան։ Մալենան ինձ անգլերեն է սովորեցնում, երբեմն նույնիսկ միայն անգլերենով ենք խոսում ու շատ ենք ծիծաղում»,- պատմում է դերասանուհին։
Նրանք նույնիսկ ունեն իրենց փոքրիկ ավանդույթը։
«Կիրակի օրերը փորձում ենք միասին անցկացնել՝ որևէ տեսարժան վայր գնալով։ Երկար ճանապարհները, մեր զրույցներն ու լավ երաժշտությունը կյանքին ուրիշ հմայք են տալիս»։
Գեղեցկության շուրջ կարծրատիպերը

Աննա Մանուչարյանը հաճախ հայտնվում է քննարկումների և տարբեր բամբասանքների կենտրոնում՝ ինչպես շատ գեղեցիկ ու խնամված կանայք։ Սակայն դերասանուհին ասում է, որ այդ խոսակցությունները իրեն չեն անհանգստացնում։
«Գեղեցիկ կանանց արտաքինն ու կյանքը շատ են քննարկում, հաճախ անհիմն պիտակավորում են, բամբասում։ Բայց դա ինձ համար էական չէ»,- նշում է նա։
Միևնույն ժամանակ դերասանուհին խոստովանում է, որ երբեմն արտաքինն իսկապես կարող է պատնեշ դառնալ մարդկանց համար։
«Կարծես պատնեշ է ստեղծվում, և մարդիկ չեն փորձում ճանաչել իմ ներքին աշխարհը։ Երբեմն նեղսրտում եմ, երբ ինձ ընկալում են միայն որպես գեղեցիկ արտաքին ունեցող կնոջ»։
Նրա համար գեղեցկությունը շատ ավելի խորքային հասկացություն է։
«Ինձ համար գեղեցիկը գեղեցիկ արժեհամակարգն է՝ ներաշխարհը, գիտելիքը, ճաշակը, տաղանդը, աշխատասիրությունը, մարդկային արժեքները, նրբանկատությունը։ Գեղեցիկ է նաև աշխարհը գեղեցիկ տեսնելու կարողությունը»։
Մաղթանքը հայ կանանց
Կանանց միամսյակի առիթով դերասանուհին կարևոր ուղերձ ունի հայ կանանց համար։
«Մենք՝ կանայքս, հզոր ենք։ Եթե ցանկանանք, կարող ենք սարեր շուռ տալ։ Ժամանակ ու միջոց մի խնայեք ինքներդ ձեզ վրա ներդրում կատարելու համար։ Զարգացեք, եղեք անկախ և կառուցեք առողջ հարաբերություններ»։
Եվ ամենակարևոր խորհուրդը, ըստ դերասանուհու.
«Բոլոր հարաբերություններից ամենակարևորը սեփական «ես»-ի հետ խաղաղ ու ներդաշնակ լինելն է։ Սիրված ու գնահատված եղեք, լսեք լավ երաժշտություն, ճանապարհորդեք, ժպտացեք, և թող ձեր սիրտը բաբախի միայն երջանկության զարկերով»։
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Աննա Մանուչարյանի անձնական արխիվից և Instagram-ից