Թալինի Ակունք գյուղի միջնակարգ դպրոցում լուռ, բայց ծանր շնչով լեցուն հուշ-երեկո է։ Դահլիճում հավաքվել են մարդիկ, ովքեր եկել են ոչ միայն հիշելու, այլ նաև իրենց սրտերում կրկին ապրեցնելու 44-օրյա պատերազմի հերոսներից մեկին՝ Գևորգ Ներսեսյանին։
Նրա անունը այստեղ այլևս պարզապես անուն չէ։ Դա ցավ է, հպարտություն, և մի ամբողջ կյանքի պատմություն, որը կիսատ մնաց հայրենիքի համար։
Գևորգը զոհվեց հոկտեմբերի 11-ին։ Բայց նրա ընտանիքը որդու մարմինը կարողացավ հողին հանձնել միայն ամիսներ անց՝ մարտին։ Այդ ամիսները ոչ թե ժամանակ էին, այլ անսահման սպասում, հույսի ու կասկածի միջև տատանվող օրեր։
Գևորգը Ներսեսյանների ընտանիքի միակ արու զավակն էր։ Երկու դուստրերից հետո ծնողները 13 տարի սպասել էին որդու ծնունդին։
«Ուշ ծնվեց… բայց շուտ գնաց… Ես ոչինչ չհասկացա իմ Գևորգից…» — ասում է մայրը՝ տիկին Աննան, և այդ բառերի մեջ ամբողջ մի կոտրված աշխարհ կա։
20-ամյա Գևորգը պետք է զորացրվեր այդ տարվա հունվարին։ Ծառայում էր Մարտունի 3-ում։ Ծառայության ընթացքում երբեք չի բողոքել։ Ամեն զանգի ժամանակ նույնն էր ասում՝ «ամեն ինչ լավ է»։
Սեպտեմբերի 25-ը հերթափոխի օր էր։ Բայց երկու օր անց՝ սեպտեմբերի 27-ին, նրանք կրկին բարձրացան դիրքեր։
Տանը նա ասել էր՝
«Չանհանգստանաք, մեր դիրքը ամենալավն է»։
Բայց պատերազմը երբեք չի հարցնում՝ դիրքը լավն է, թե վատը…
«Պատերազմի օրերին գիշերներն էր զանգում։ Ես վախենում էի, ասում էի՝ Գևո՛րգ ջան, մի՛ զանգիր, հեռախոսներից արագ են գտնում։ Բայց երբ զանգում էր, ուժեղ կրակոցներ էին լսվում։ Ասում էի՝ բա ասում ես՝ հանգիստ է… Նա պատասխանում էր՝ մա՛մ ջան, փորձարկում են անում…» — պատմում է մայրը։

Վերջին զանգը…
Մայրական սիրտը երբեք չի խաբվում։
«Զանգեց… շնչառությունը իրենից առաջ ընկած… ասաց՝ մա՛մ, մի քանի օր չեմ զանգի, չանհանգստանաս… Բայց ես զգացի… սկսեցի լացել… հետո ինքս ինձ հավաքեցի… ասացի՝ ոչինչ չի եղել… կսպասեմ…»
Բայց այդ սպասումը դարձավ հավերժ սպասում։
Հոկտեմբերի 11-ին Գևորգենց վաշտը հրաման է ստանում շարժվել դեպի Հադրութ։
Այն Հադրութը, որն արդեն հանձնված էր…
Ինչ է տեղի ունեցել այնտեղ՝ ընտանիքը իմանում է ավելի ուշ, կտոր-կտոր պատմություններից, ուրիշների ցավից։
«Ասում են՝ երեք մեքենայով տարել են… ու հանձնել թշնամուն…»

«Ոչ ոք չի դիմավորել… ոչ մի ընդունում չի եղել… երեխաներին տարել են ուղիղ… ասում են՝ 500 հոգանոց խմբի դեմ են կանգնել… բայց ոչ մեկը չի նահանջել… ոչ մեկը չի հանձնվել… բոլորը մինչև վերջ կռվել են…»
Սա արդեն պարզապես պատմություն չէ։
Սա հերոսության սահմանն է։
Գևորգն ու նրա ընկերները ընտրեցին ոչ թե փրկվել, այլ կռվել մինչև վերջ։
Ծնողները ամիսներ շարունակ սպասեցին։ Թակեցին բոլոր դռները։ Հարցրեցին, խնդրեցին, հույս պահեցին։
«Մեզ ասում էին՝ երեխաները բունկերում են… շրջափակման մեջ են… ամեն ինչ լավ կլինի…»

Ժամանակն անցնում էր…
Հույսը՝ մարում։
Ծնողները գնացին Արցախ՝ սեփական աչքերով տեսնելու համար… բայց ոչ մի հստակ պատասխան չկար։
«Մի օր 63 մարմին տվեցին… բայց իմ Գևորգը չկար… օրերով «Հերացի»-ից տուն չէինք գալիս…»
Մոր խոսքը կիսատ է մնում… որովհետև ցավը խոսքեր չունի։
«Աստված էի կանչում… ասում էի՝ գոնե գերի լինի… միայն թե կենդանի լինի…»
Բայց Գևորգը արդեն ընտրել էր իր ճանապարհը՝ անմահության ճանապարհը։
Նրա մարմինը հայտնաբերվեց միայն մարտի 1-ին՝ ԴՆԹ-ի միջոցով։
Մինչ այսօր վեց տղաների մարմին դեռ չեն գտել։
«Ծնողները մեզ ասում են՝ երանի ձեզ… դուք գոնե շիրիմ ունեք…»

Այս պատմությունը միայն կորուստ չէ։
Սա պայքար է՝ ճշմարտության համար։
Մայրը ասում է՝ մինչև վերջ են գնալու։ Պարզելու են՝ ով, ինչու, և ինչ հրամանով տարավ իրենց որդիներին արդեն հանձնված Հադրութ։
«Ոչ ոք պատասխանատվություն չի վերցնում… նույնիսկ ասում են՝ մեղավորը զոհված հրամանատարն է…»
Ներսեսյանների տանը Գևորգի մեծ լուսանկարն է կախված։ Լուռ։ Հպարտ։ Անմահ։
Լուսանկարի առաջ դրված է միայն նրա գլխարկը։
Երբ հարցնում են՝ պարգևատրվել է արդյոք, հորեղբայրը չի զսպում իր ցավը։
«Մեդալն ի՞նչ ենք անում… մենք սար ենք կորցրել… մեր տուն ենք կորցրել…»
Գևորգը՝ մեկը 76-ից։
Բայց յուրաքանչյուր այդ «մեկը» մի ամբողջ աշխարհ էր։
Եվ այդ աշխարհը հավերժ մնաց մեր հիշողության մեջ՝ որպես հերոսություն, որպես լուռ խոստում, որ նրանց անունները երբեք չեն մոռացվելու։