Ճանաչենք մեր հերոսներին. «Գիտեմ, որ զոհվել է, բայց միշտ սպասում եմ իրա զանգին, գալուն»․ երբևէ չսիրած սև գույնը և վիշտը դարձել են Լուսինեի ուղեկիցը որդու կորստից հետո

Լուսինե Սարգսյանը կյանքում երբեք սև գույն չէր սիրում։ Նա այն կանանցից էր, ովքեր սիրում էին գույներ, լույս, ապրելու զգացողություն։ Բայց պատերազմը խլեց նրա կյանքի ամենամեծ լույսը՝ որդուն, և այդ օրվանից նրա աշխարհը սևացավ։ Այսօր նրա զգեստապահարանում այլևս վառ գույներ չկան։ Միայն սև։ Միայն լռություն։ Միայն անվերջ կարոտ։

Նա ապրում է օրերն արցունքների, անքուն գիշերների ու սրտի խորքում թաքնված անհնար երազանքի հետ՝ որ մի օր դուռը բացվելու է, հեռախոսը զանգի, ու իր Աշոտը տուն է վերադառնալու։

«Գիտեմ, որ զոհվել է… բայց սպասում եմ իրա զանգին, իրա քայլերի ձայնին… Էս ցավը դիմանալու բան չի…» — հուզմունքից խեղդվող ձայնով ասում է մայրը։

Լուսինեի որդին՝ 19-ամյա Աշոտ Խոմով Սարգսյանը, հերոսաբար զոհվեց 44-օրյա պատերազմի ամենադաժան օրերին։ Նա կռվել է Ջրականում, Կարմիր շուկայում, Հադրութում, Ֆիզուլիում։ Այն վայրերում, որտեղ ամեն օր մահը քայլում էր զինվորների կողքով, որտեղ տղաները կռվում էին ոչ թե իրենց կյանքի, այլ հայրենի հողի համար։

Աշոտը մինչև վերջին շունչը մնացել է մարտի դաշտում՝ պաշտպանելով իր ընկերներին ու իր երկիրը։ Նրա վերջին ճակատամարտը եղել է հոկտեմբերի 23-ին՝ Ֆիզուլիում։

Մայրը որդու մասին խոսելիս ցավի մեջ անգամ հպարտություն է զգում։ Նրա աչքերը լցվում են արցունքով, բայց ձայնի մեջ կա անսասան ուժ։

«Ջրականում 4 օր դիրքերը պահել են։ Տղես զրահատեխնիկա է պայթեցրել, ԱԹՍ է խոցել… Իմ տղեն իսկական զինվոր էր… Ես իրան մարտի դաշտում լեյտենանտի կոչում եմ տվել…» — ասում է նա։

Այդ խոսքերի մեջ ոչ միայն մոր սեր կա, այլ նաև ժողովրդի հպարտությունը։ Որովհետև Աշոտի նման տղաներն էին, որ պատերազմի մոխիրների մեջ դարձան հայ ժողովրդի կենդանի վահանը։

Լուսինեն որդու հետ վերջին անգամ խոսել է հենց զոհվելու օրը։ Այդ հեռախոսազանգը նրա հիշողության մեջ հավերժ մնացած վերջին ձայնն է։

«Երկար խոսեցինք… Կրակոցների ձայներ էին լսվում։ Հարցնում էի՝ ինչ ա կատարվում, ասում էր՝ մերոնք են, մամ, մի վախեցի… Բայց ես զգում էի՝ բան ունի ասելու… Ասեցի՝ ասա… Ասեց՝ էհ, չէ… հետո ասել եմ՝ եթե չես կարում ինձ ասել, ախպորդ զանգի ասա…»

Աշոտը զանգել էր եղբորը ու ասել.

«Էլ չեմ գալու… մամայիս լավ կնայեք…»

Այդ բառերը դարձան մոր սրտի մեջ հավերժ արձագանքող ցավ։

Զինակից ընկերների պատմելով՝ Աշոտին հրաման են տվել գնալ ու ստուգել հենակետերը։ Նա հասկացել էր, որ ճանապարհը կարող է վերջինը լինել։

«Տղես ասել էր՝ ես գնալու եմ, ինձ խփելու են… թող մութն ընկնի, նոր գնամ… Բայց ասել են՝ չէ… Իրանք 200 հոգով շրջափակման մեջ են եղել… Աշոտը գնացել ա հրամանը կատարելու… Սնայպերը խփել ա…» — պատմում է մայրը՝ բառերի արանքում խեղդելով հեկեկոցը։

Նույն օրը ընտանիքն արդեն իմացել էր ողբերգության մասին։ Բայց ոչ ոք չէր համարձակվում մոտենալ մորը ու ասել ճշմարտությունը։

«Ինձ հաջորդ օրը ասեցին, երբ տղուս եկեղեցի բերեցին… Վախենում էին՝ չեմ դիմանա… Բայց չգիտեմ ոնց եմ դիմացել… մինչև հիմա ապրում եմ…»

Նրա յուրաքանչյուր բառ ցավի պատմություն է։ Բայց այդ ցավի մեջ կա նաև հերոսի մոր հզորությունը։

Աշոտը, մոր խոսքով, շատ զուսպ տղա էր։ Քչախոս, ինքնամփոփ, բայց չափազանց ուժեղ կամքով։ Նա զբաղվել է սպորտով, մասնակցել կարատեի մրցումների, ստացել բազմաթիվ մեդալներ ու պատվոգրեր։

Մինչ բանակ գնալը աշխատել է, առևտրով զբաղվել, կանաչեղեն վաճառել, գումար վաստակել։ Երազանքներ ուներ։ Ուզում էր վերադառնալ բանակից, զարգացնել իր գործը, տուն գնել, ընտանիք կազմել։

«Իրա երազանքն էր տուն առներ… բիզնեսը մեծացներ… Ապրելու մեծ ցանկություն ուներ տղես…» — ասում է մայրը։

Բայց պատերազմը խլեց ոչ միայն նրա կյանքը, այլև մի ամբողջ ապագա։

Այսօր Լուսինեն ևս երկու որդի ունի։ Բայց մոր սիրտը չի կարողանում հաշտվել կորստի հետ։

«Ես իմ Աշոտին եմ ուզում…» — շշնջում է նա ու նորից արտասվում։

Եվ այդ մի նախադասության մեջ կա մի ամբողջ աշխարհի ցավ։ Որդեկորույս մոր ցավը, որն ապրում է ամեն օր՝ իր հերոս տղայի հիշողությամբ։

Աշոտ Խոմով Սարգսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Նա հուղարկավորված է Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքում։ Բայց նրա անունը վաղուց արդեն միայն մեկ գյուղի կամ մեկ ընտանիքի անունը չէ։ Նա դարձավ հերոս, դարձավ հիշողություն, դարձավ հայրենիքի համար անմահացած սերնդի խորհրդանիշ։

Աշոտ Խոմով Սարգսյան

Արփինե Արզումանյան

Հերոսները չեն մահանում։ Նրանք ապրում են մայրերի արցունքների մեջ, հայրենի հողի լռության մեջ և ժողովրդի հիշողության մեջ։