Գիշերվա ընթացքում սկսվող ուժեղ գլխացավը միշտ չէ, որ պարզապես հոգնածության կամ սթրեսի հետևանք է։ Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը զգուշացնում է՝ որոշ դեպքերում նման ցավը կարող է լինել լուրջ և նույնիսկ կյանքին սպառնացող հիվանդությունների առաջին ազդանշանը։
«Եթե գլխացավը հանկարծ ձեզ արթնացնում է գիշերը, դա արդեն այն նշաններից է, որի վրա բժիշկները հատուկ ուշադրություն են դարձնում», — նշել է մասնագետը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Ամենակարևոր բանի մասին» հաղորդման ընթացքում։
Մյասնիկովի խոսքով՝ նման ախտանիշի հետևում երբեմն կարող են թաքնված լինել շատ վտանգավոր խնդիրներ՝ գլխուղեղի անևրիզմա, ուռուցք կամ լուրջ վարակային հիվանդություն։ Այդ պատճառով բժիշկներն ունեն այսպես կոչված «կարմիր դրոշակներ»՝ ախտանիշներ, որոնք անտեսել չի կարելի։
Բժիշկը նաև առանձնացրել է մի քանի այլ վտանգավոր նշաններ։ Օրինակ՝ եթե 50 տարեկանից հետո առաջին անգամ են սկսվում ուժեղ գլխացավեր, դա արդեն պատճառ է շտապ հետազոտվելու։ Նույնքան մտահոգիչ է նաև այն իրավիճակը, երբ ցավը ուժեղանում կամ թուլանում է մարմնի դիրքը փոխելիս։
Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել նաև այն դեպքերին, երբ գլխացավին միանում են խոսքի խանգարումներ, թմրածություն, ձեռքերի կամ դեմքի զգացողության կորուստ։ Մասնագետի խոսքով՝ նման ախտանիշների դեպքում ժամանակ կորցնել չի կարելի, և անհրաժեշտ է որքան հնարավոր է արագ դիմել բժշկի։
Մյասնիկովը հիշեցնում է՝ օրգանիզմը հաճախ նախապես ազդանշաններ է տալիս, և կարևոր է դրանք ժամանակին նկատել, այլ ոչ թե պարզապես ցավազրկող խմել ու անտեսել խնդիրը։