«Հայհոյանքն անգամ պիտի արժանապատվություն ունենա». «Ոսկե ծիրանի» անկեղծ զրույցը Թովմասյանի եւ Կարագուլյանի հետ «Անորա» ֆիլմի կուլիսներից

«Անորա»-ի թատերական հուզմունքը, հայերեն հայհոյանքն ու հոլիվուդյան առաջարկները. Ինչ պատմեցին Թովմասյանն ու Կարագուլյանը «Ոսկե ծիրանի» թեժ քննարկման ընթացքում

«Ոսկե ծիրանի» փառատոնի շրջանակում տեղի ունեցավ աղմկահարույց ու սպասված «Անորա» ֆիլմի ցուցադրությունն, որին հաջորդեց դերասաններ Կարեն Կարագուլյանի եւ Վաչե Թովմասյանի մասնակցությամբ անկաշկանդ, երբեմն հումորային, բայց նաև բեմից անդին խորը շերտեր բացող քննարկում։ Տեսակապով քննարկմանը միացավ նաեւ ռեժիսոր Շոն Բեյքերը՝ Կաննի «Ոսկե արմավենու ճյուղի» եւ հինգ «Օսկար»-ի դափնեկիրն ու միաժամանակ այս հաջողության դարպասները բացած մարդը։

Առաջին փորձերը նրան միացնել չհաջողվեցին։ Թովմասյանը հումորով նկատեց, որ Շոնը երևի շանն է դուրս տարել, իսկ Կարենը չուշացավ հավելել՝ «Միգուցե քնած է»։ Ի վերջո, ռեժիսորը միացավ՝ ճիշտ ժամանակին ու նույնչափ թեթեւությամբ:

Բեյքերը՝ կարեւորագույն խաղընկերների մասին

Շոն Բեյքեր․ «Թորոս» կերպարը չէր ծնվի առանց Կարեն Կարագուլյանի։ Դեռ սկզբից էր ինձ համար ակնհայտ, որ այս ֆիլմում նա պետք է լինի։ Նա այն դերասանն է, որ տիրապետում է երեք լեզվի, ունի հրաշալի վերլուծական միտք ու մասնակցել է երկխոսությունների մշակմանն ու կերպարների կառուցմանը։ Իսկ Վաչե Թովմասյանի մեջ կատակերգությունից դուրս բացահայտեցի մաքուր, էմոցիոնալ դրամա՝ ներքին լարումով ու անկեղծությամբ։

Շոնն անկեղծացավ՝ ֆիլմը շատ հեշտ չէր, քանի որ եռալեզու էր։ Բայց վստահությունն իր թիմի հանդեպ, հատկապես՝ Կարենի, նրան համարձակություն էր տվել։

«Անորա»-ն, նեւրոզը եւ բենզալցակայանի լեգենդար տեսարանը

Կարենը խոստովանեց, որ ֆիլմն իր կարիերայի ամենալուրջ ու դժվար փորձություններից էր․

Կարեն․ «Երբ սցենարը կարդացի ու հասկացա, որ միայն մեկ տեսարանում 11 էջ տեքստ ունեմ երեք լեզուներով, նյարդայնացա։ Նույնիսկ նեւրոզ ունեցա։ Բայց հաջորդ օրն ամեն ինչ անցավ։ Շոնն ինձ վստահում էր, ու դա ուժ էր տալիս»։

«Անորա»-ում հայերի քիմիան եւ Վաչեի բացված տաղանդը

Վաչե․ «Երկրորդ տարին էր, որ Ամերիկայում էի։ Նկարահանման հրապարակում լարված էի՝ հսկայական թիմ, հոլիվուդյան անուններ… Յուրա Բորիսովը՝ արդեն աստղ։ Միայն Կարենին էի ճանաչում։ Բայց նա ինձ ոչ միայն ներկայացրեց Շոնին, այլև ամբողջ ընթացքում կանգնեց կողքիս։ Եթե իմանայի, որ այս ֆիլմը Կանն ու «Օսկար»-ներ է վերցնելու, հավանաբար կմահանայի լարվածությունից»։

Թաքնված նամակն ու չբացված հնարավորությունը

Պարզվեց՝ Կարենն ավելի վաղ նամակ էր գրել Վաչեին՝ համագործակցության առաջարկով, բայց Վաչեն նամակը երբեք չէր բացել։ Թեեւ տարիներ անց նրանց ճակատագրերը կրկին հատվել են։

Վաչե․ «Երբ իմացա, որ Կարենն ինձ 5 տարի առաջ գրել է, հիասթափվեցի ինձնից։ Բայց այս մարդը ոչ միայն ներում ու վստահում է, այլև դարձավ իմ բեմական ուղեկիցը»։

Հայհոյանք թե՞ գրական հայերեն

Ֆիլմում տեղ գտած հայերեն երկխոսությունների շուրջ քննարկումը բուռն էր։

Կարեն․ «Ես չէի ուզում, որ հայերեն հայհոյանք հնչի։ Բայց Վաչեն համոզեց՝ «Ի՞նչ է, ռուսներն ու ամերիկացիները կարող են հայհոյել, իսկ հայերը՝ ոչ»։

Վաչե․ «Հաշվել էինք՝ անգլերենով 149 անգամ «ֆ»-ով բառ է հնչում, ռուսերենով էլ լիքը։ Ու մենք պիտի «գրողը տանի» ասե՞նք։ Կլինի՞ էդպես»։

Ինչ է սպասվում հետո

Կարեն․ «Միանշանակ վերադարձել եմ կինոաշխարհ։ Ամերիկյան ակադեմիայի անդամ դառնալու առաջարկ եմ ստացել։ Շուտով մեկնելու եմ ԱՄՆ՝ նոր, շատ մեծ ֆիլմում նկարահանվելու»։

Վաչե․ «Ես էլ արդեն սկսում եմ սեփական նախագծերի վրա աշխատել։ Ֆիլմի սցենար ենք մշակում, իսկապես ուզում եմ կայանալ նաև միջազգային արտադրությունում»։

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի